Մակրոնը Փաշինյանի ու Ալիևի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի իրադրությունը

Էմանուել Մակրոն
Ֆրանսիայի նախագահը հորդորել է ամեն ջանք գործադրել իրադրությունը թուլացնելու և երկխոսություն հաստատելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ուշադիր հետևում է Հարավային Կովկասի իրադրության զարգացմանը։ Տեղեկությունը հայտնում է նրա մամուլի ծառայությունը: Ըստ հաղորդագրության` Մակրոնը երեկ հեռախոսով զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ֆրանսիայի նախագահը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շրջանում գրանցված սրացումների կապակցությամբ: Նա հորդորել է ամեն ջանք գործադրել էսկալացիայից խուսափելու և բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար: Մակրոնն ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի` հրադադարի մասին պայմանավորվածությունների շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման կարևորությունը:
Ելիսեյան պալատից հայտնում են, որ Ֆրանսիան սերտ կապ է պահպանում կողմերի և գործընկերների հետ՝ շարունակելով աջակցել ու իր ավանդը ներդնել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը և տարածաշրջանի կայունության պահպանմանն ուղղված ջանքերում։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։