ՀՀ ՄԻՊ–ն անդրադարձել է ադրբեջանցի պատգամավորների՝ էթնիկ զտմանը միտված հայտարարություններին

Քրիստինե Գրիգորյանը Գեղարքունիքի մարզում. Արխիվային լուսանկար
Քրիստինե Գրիգորյանը ադրբեջանցի պատգամավորների հայտարարությունների մասին հայտնել է միջազգային գործընկերներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն անդրադարձել է ադրբեջանցի պատգամավորների՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտմանը միտված հայտարարություններին։
Նա նշել է, որ Ադրբեջանի օրենսդիր մարմնի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիեևը երեկ ինքնատիպ խոստովանություն է արել Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտմանը միտված ադրբեջանական պետության քաղաքականության մասին։
Պատգամավորը հայտարարել է, թե «Հայաստանը պետք է վերջ տա Ադրբեջանի նկատմամբ տարածքային հավակնություններին և դադարի աջակցել Ղարաբաղի արյունոտ անջատողականությանը։ Քանի դեռ դա չի արվել, մենք չպետք է ճանաչենք նրանց (Լեռնային Ղարաբաղի բնակչության) հանգիստ ապրելու իրավունքը»։
«Այնուհետ նշված պատգամավորը մանրամասնել է, որ նման պայմաններում հայերի կյանքը հնարավոր չէ Ադրբեջանում։ Իր գործընկերոջից հետ չի մնացել նաև մեկ այլ պատգամավոր Ֆազիլ Մուստաֆաևը, որը նույնպես ուղղակի սպառնալիքներ է հնչեցրել Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական գոյության համար»,–գրել է Գրիգորյանը։
ՀՀ ՄԻՊ–ի խոսքով` հայերի նկատմամբ էթնիկ ատելության ու էթնիկ զտման ադրբեջանական քաղաքականության օրինակներն ու ապացույցները բազմաթիվ են, սակայն հատկանշական է, որ ադրբեջանական ղեկավարությունը ներկայացնող այս պաշտոնատար անձինք նման ծանուցումն անում են իրենց իսկ զինված ուժերի կողմից վերջին օրերին իրականացված սադրանքների պայմաններում։
«Փաստ է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության կյանքի իրավունքը երաշխավորված չէ, և այդ մասին ուղիղ խոսում է ադրբեջանցի պաշտոնյան»,–նշել է նա։
Գրիգորյանը նշված հայտարարությունների մասին հայտնել է միջազգային գործընկերներին, ինչպես նաև ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման հարցերով կոմիտեին, որն առաջիկա օրերին քննարկելու է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ կոնվենցիայի կատարման Ադրբեջանի պարբերական զեկույցը։