ՀՀ-ից կոնկրետ առաջարկներ չենք ստացել. Լավրովը` Փաշինյանի հայտարարության մասին

ՌԴ խաղաղապահները Արցախում
Լավրովն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասները ճշգրտել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը ռուս խաղաղապահների գործունեության հետ կապված կոնկրետ առաջարկներ դեռ չի ստացել։ Այս մասին խոսել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք ՀՀ վարչապետը ցանկանում է քննարկման դնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ գործողության հետ կապված։ Ես չեմ կարող գուշակել»,- ասել է Լավրովը։
Նա նշել է, որ պայմանավորվածություններ ձեռք բերած կողմերից յուրաքանչյուրը` Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահները և Հայաստանի վարչապետը, իրավասու են լրացուցիչ նախաձեռնություններ առաջարկել:
Փաշինյանը երեկ հայտարարել է, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասները ճշգրտել։ Նա նշել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի ստորագրությունները բավարար են ԼՂ-ում խաղաղապահների մանդատն ամբողջությամբ իրագործելու համար, իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։