ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի – Sputnik. Պաշտոնական Ստեփանակերտը հաստատել է ՏԿԵ նախարար Հայկ Խանումյանի հանդիպումը Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության հետ։
«Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղում Հայկ Խանումյանը տեղի բնակչության, համայնքի և շրջանի իշխանության ներկայացուցիչների հետ միասին քննարկել է Աղավնոյի, Ներքին Սուսի և Բերձորի բնակչության՝ մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը տարհանման հարցերը քաղաքացիական պաշտպանության պլանի շրջանակներում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Այսօր Բերձորի բնակիչները փակել էին ճանապարհը և պահանջում էին չհանձնել Բերձորը։
Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետում ասվում է, որ երեք տարում նոր ճանապարհ է կառուցվելու, որը կապելու է Արցախը Հայաստանի հետ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 4-ին հայտնեց, որ Լաչինի միջանցք կոչվող ճանապարհի այլընտրանքային հատվածի կառուցման աշխատանքներն արդեն սկսվել են ու մինչև գարուն կավարտվեն։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։