ՌԱԴԻՈ

Հայերը բարկանալու բոլոր հիմքերն ունեն. հոգեբանը խոսել է մեր ամենամեծ խնդրի մասին

Կարինե Նալչաջյանի խոսքով` մի շարք իրադարձություններից հետո հայերը չեն կարող զայրացած չլինել, և եթե այդ զգացումը միախառնվում է այլ էմոցիաների հետ, ապա սպասելի են ինչ-ինչ պոռթկումներ` բողոքի ալիքի կամ ագրեսիվ գործողությունների տեսքով։
Sputnik
Այսօր մեր ամենամեծ պրոբլեմներից մեկն ազգային ինքնագնահատականի անկումն է, և եթե նույնիսկ դրա համար որոշակի հիմքեր կան, միևնույն է, դա լավ բանի չի հանգեցնի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց հոգեբան Կարինե Նալչաջյանը։
Նշենք, որ «Gallup»-ը հրապարակել է 2021 թվականի Էմոցիաների համաշխարհային զեկույցը, որի համաձայն` Հայաստանն «ամենաջղային երկրների» առաջին եռյակում է: Հայերի բարկությունը, ըստ Gallup-ի, պայմանավորված է 2020 թվականի աշնան պատերազմով:

«Թեև նմանօրինակ հետազոտությունները սուբյեկտիվ են, բայցևայնպես իրավիճակի առթիվ բարկանալու համար մեր քաղաքացիները, անշուշտ, բոլոր հիմքերն ունեն։ Ինչո՞ւ պիտի այսօր Հայաստանի բնակչությունը երջանիկ զգա իրեն, եթե մեզ ավելի շատ բնորոշ է ոչ այնքան զայրույթի, որքան տագնապի ու անորոշության զգացումը, նույնիսկ մեղքի զգացումը։ 2018 թվականի համընդհանուր ոգևորությունից հետո, երբ մարդկանց թվաց, թե իրենց կամքով երկրում իրենց համար ինչ-որ բան են փոխում, սակայն պարզվեց, որ դա մեծ խաբեության ծուղակ է եղել, հետևաբար հիասթափվածների քանակը բավականին շատ է, նրանք հասկանում են իրավիճակի ամբողջ ողբերգականությունը»,- ասաց հոգեբանը։

Նալչաջյանի դիտարկմամբ` այսքանից հետո պարզապես չենք կարող զայրացած չլինել, և եթե այդ զգացումը միախառնվում է այլ էմոցիաների հետ, ապա սպասելի են ինչ-ինչ պոռթկումներ` բողոքի ալիքի կամ ագրեսիվ գործողությունների տեսքով։
Հոգեբանի խոսքով` այսօր նկատելի է ընդհանուր խմբային ինքնագնահատականի իջեցման գործընթաց, այսինքն` ամեն քայլափոխի տեսնում ենք, թե քաղաքացիների շրջանում ինչպիսի դաժան ինքնաքննադատություն է հնչում։
Սևանը մեր ինքնության հայելին է. ո՞ր տեղում կլինեին հայերը, եթե անհոգության վարկանիշ լիներ
«Ինքնաքննադատությունն ինչ-որ իմաստով կարող է լինել իրավացի, բայց եթե անձի կամ հանրության ինքնագնահատականը չափազանց իջնում է, ապա գործ ունենք հոգեկան թուլության հետ, և նման դեպքում մարդկանց ճնշելն ու նվաստացնելը կամ բարոյապես ոչնչացնելը շատ ավելի հեշտ է դառնում, հետևաբար նման իրավիճակից խուսափելու համար անհրաժեշտ է մարդկանց հետ ճիշտ աշխատել»,- ասաց Նալչաջյանը։
Նշենք, որ «Gallup» ընկերության սոցիոլոգիական հետազոտության համաձայն` վերոհիշյալ ցուցակի առաջին երկու տեղերը զբաղեցնում են Լիբանանը և Թուրքիան։ Նշվում է, որ լիբանանցիների բարկությունը պայմանավորված է երկրի սոցիալ-տնտեսական վիճակով, ինչպես նաև 2020 թվականի օգոստոսին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունով, իսկ Թուրքիայի բնակիչների բարկությունը կապված է երկրում տիրող գնաճով և տնտեսական ճգնաժամով։