ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Հայկական կողմը ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտության մասին իր մտահոգությունները ՌԴ բարձրագույն ղեկավարությանը գրավոր կերպով հայտնել է դեռ 2021 թվականի փետրվարին։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Նշվում է, որ այդ փաստաթղթով հայտնել են նաև հետագայում հնարավոր խնդիրների առաջացման վերաբերյալ հայկական կողմի մտահոգությունները։
Օգոստոսի 4-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեության հետ կապված կոնկրետ առաջարկներ Ռուսաստանը դեռ չի ստացել։
Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանն իր հերթին օգոստոսի 4-ին կառավարության նիստում հայտարարել էր, թե անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասները ճշգրտել։ Նա հայտնել էր, որ Հայաստանի ու Ռուսաստանի ստորագրությունները բավարար են ԼՂ-ում խաղաղապահների մանդատն ամբողջությամբ իրագործելու համար, իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ։