ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. «Polarnet», «Rojen» և «Navistar» բեռնանավերը դուրս են եկել Ուկրաինայի սևծովյան նավահանգիստներից և ուղղություն վերցրել դեպի Թուրքիա: Տեղեկությունը հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
13 հազար տոննա եգիպտացորեն տեղափոխող «Rojen» նավը, որը լողում է Մալթայի դրոշով, դուրս է եկել Չեռնոմորսկի նավահանգստից և ուղևորվել Կարասու (Թուրքիա)։ Ընթացքին հետևում է Համատեղ համակարգող կենտրոնը։
Նույն ուղղությամբ է լողում նաև թուրքական դրոշով «Polarnet» նավը։ Մինչ 12 հազար տոննա եգիպտացորեն տեղափոխող նավը հասնի Կարասու, միավորված տեսչական խումբը այն կստուգի Ստամբուլի հյուսիսում:
«Rojen»-ն ու «Polarnet»-ը Կարասուից մեկնելու են Մեծ Բրիտանիա։
Իսկ երրորդը նավը` «Navistar»-ը, որը դուրս է եկել Օդեսայի նավահանգստից, 33 հազար տոննա եգիպտացորեն է հասցնելու Ռինգասկիդի (Իռլանդիա)։
Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում ռուսական ապրանքների արտահանման մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու մասին:
Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում 3 նավահանգիստներից, ներառյալ Օդեսան: