Ապատեղեկատվություն է, հայկական կողմը չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Զինծառայող
Չնայած առկա լարվածությանը` օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Արցախի պաշտպանական գերատեսչությունը հերքում է ադրբեջանական ՊՆ-ի տարածած լուրը, թե կրակել են Ադրբեջանի ԶՈւ դիրքերի ուղղությամբ։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի` ԱՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները 9 անգամ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով դիպուկահար հրացաններ և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, հերթական ապատեղեկատվությունն է և չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ չնայած առկա լարվածությանը` օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է:
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր նաև, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախորդ մի քանի օրերին գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը։ ՀՀ ՊՆ-ն հերքել էր այդ լուրը։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։