ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով ուղիղ երկխոսությամբ նվազեցենել լարվածությունը Լեռնային Ղարաբաղում, հայտնում է ԱՄՆ պետդեպը։
Բլինկենը Փաշինյանի հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղում ու նրա շուրջը տիրող իրավիճակին։ Նա ուղիղ երկխոսության կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին ղարաբաղյան հակամարտության հետ կապ ունեցող կամ դրանից բխող հարցերը լուծելու համար։
Ալիևին Բլինկենը դեէսկալացիայի ու Հայաստանի հետ անմիջական երկխոսություն սկսելու կոչ է արել, հավելել են պետդեպարտամենտում։
Հիշեցնենք, որ Եվրամիությունն օգոստոսի 3-ին Հայաստանին և Ադրբեջանին կոչ էր արել Լաչինի միջանցքի և շփման գծի այլ հատվածներում դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների։
Օգոստոսի 4-ին Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված իր մտահոգությունն էր հայտնել նաև ԱՄՆ–ն։
Նույն օրը ՌԴ ԱԳՆ–ն նույնպես ծայրահեղ մտահոգություն էր հայտնել Լաչինի միջանցքի տարածքում և շփման գծի այլ հատվածներում լարվածության աճի կապակցությամբ։
Հավելենք, որ օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։