Ակցիա Երևանում. արցախցիները պահանջ են ներկայացնում ՄԽ համանախագահ երկրների դեսպաններին

Բողոքի ակցիա
Բողոքի ակցիայի մասնակիցները նամակներ են գրել ՀՀ-ում ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպաններին` պահանջելով երաշխավորել Արցախի ու արցախցիների անվտանգությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. 2020թ-ի 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանվածները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց։
Ինչպես լրագրողներին հայտնեց ակցիայի կազմակերպիչներից «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լևոն Հայրյանը, իրենք Հայաստանի ռազմավարական գործընկեր, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, ՄԱԿ-ի ԱԽ անդամ և նոյեմբերի 20-ի եռակողմ հայտարարության երաշխավոր երկրից պահանջում են իրականացնել Արցախում ստանձնած խաղաղապահ առաքելությունը։
Լևոն Հայրյան
«2020թ-ի նոյեմբերի 9-ից հետո՝ Խծաբերդը, հետո՝ Փառուխը հանձնվեց, հիմա նույնը շարունակվում է։ Եվ եռակողմ հայտարարության որևէ կողմ` Ադրբեջանը, Ռուսաստանը, գումարած նաև Հայաստանը, որևէ բան չեն անում փոխելու այս իրավիճակը»,- ասաց Հայրիյանը։
Դեսպանատան դիմաց հավաքված արցախցիներն իրենց պահանջը նամակով փոխանցեցին ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
Այնուհետև ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ԵԱՀԿ ՄԽ համանախագահ մյուս երկրի` Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ նույն բովանդակությամբ նամակ հանձնեցին նաև այդ երկրի դեսպանին։
Ֆրանսիայի դեսպանատան դիմաց
Իսկ ԵԱՀԿ ՄԽ երրորդ համանախագահ երկրի` ԱՄՆ–ի դեսպանատուն որոշվեց այցելել ու նամակ հանձնել օգոստոսի 8-ին։
Նույն օրը այցելելու են նաև ՀՀ–ում ՄԱԿ–ի գրասենյակ` այդ կառույցին ներկայացնելով իրենց գրավոր պահանջը` երաշխավորել Արցախի ու արցախցիների անվտանգությունը։