Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Արցախի ժողովրդի դեմ

Ադամ Շիֆ. Արխիվային լուսանկար
Շիֆը խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի մասին համաձայնագրի ուղղակի խախտման հետևանքով եղել են զոհեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Արցախի ժողովրդի դեմ: Ֆեյսբուքյան էջի գրառման մեջ Շիֆը նշել է՝ խորապես մտահոգված է, որ Ադրբեջանի կողմից հրադադարի մասին համաձայնագրի ուղղակի խախտման հետևանքով եղել են զոհեր:
«Հազիվ թե սա առաջին դեպքն է, երբ Ադրբեջանն առանց պատրվակի հարձակվում է հայկական ուժերի վրա, և եթե Միացյալ Նահանգները անհապաղ գործողություններ չձեռնարկի Ալիևի վարչակարգին պատասխանատվության ենթարկելու համար, ապա դա վերջինը չի լինի։ Չափազանց կարևոր է, որ Պետդեպարտամենտն օգտագործի իր բոլոր դիվանագիտական խողովակները և լծակները լարվածությունը նվազեցնելու և Ամերիկայի հաստատուն աջակցության համար Հայաստանի ինքնիշխանությանն ու Արցախի տարածքային ամբողջականությանը»,- գրել է կոնգրեսականը:
Շիֆը բազմիցս կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին,տասնյակ միլիոնավոր դոլարներ հատկացնել Արցախին մարդասիրական և տնտեսական օգնության համար, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնության ամբողջական արգելք սահմանել և ակտիվացնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքը։
«Այդ գործողություններից յուրաքանչյուրը վճռորոշ նշանակություն ունի հայ ժողովրդի պաշտպանության համար և վճռական ազդանշան է ուղարկում այն մասին, որ Ամերիկան կարող է և կպաշտպանի ժողովրդավարությունը ողջ աշխարհում։ Ես միշտ լինելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»,- գրել է Շիֆը:
Ավելի վաղ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները դատապարտել էր ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։