ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի տարածքային պաշտպանության ստորաբաժանումները զբաղեցրել են երաժշտական դպրոցը Նիկոլաևսկի մարզի Վարվարովկա բնակավայրում՝ ականապատելով դրա մերձակայքը։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սլավյանսկ բնակավայրում՝ տեխնիկումի ուսումնական մասնաշենքերում և հանրակացարանում, ուկրաինական զինված կազմավորումները կրակային դիրքեր և դիպուկահարների կետեր են կահավորել, իսկ հաստատության սենյակներում նեոնացիստները պահում են մերձակա տների բնակիչներին՝ փաստացի նրանց օգտագործելով որպես կենդանի վահան»,-շարունակել է նա:
Բացի այդ, ուկրաինացի զինվորականները հենակետ են տեղակայել Նովայա Վոդոլագայի լիցեյում (Խարկովի մարզ)։
Ուկրաինացի ազգայնականները ծանր հրետանիով և համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով տեղավորվել են Սևերսկի և Սոլեդարի մասնավոր տներում, որտեղից գնդակոծում են ռուս զինվորականների ստորաբաժանումները:
«Այդ ցինիկ սադրանքները Կիևի իշխանությունները մոտ ժամանակներս մտադիր են օգտագործել ռուս զինծառայողներին քաղաքացիական բնակչությանը իբրև թե ոչ ընտրողական հարվածներ հասցնելու մեջ մեղադրելու համար՝ ուկրաինական և արևմտյան ԶԼՄ-ներում հետագա լայն լուսաբանմամբ»,-հավելել է գեներալը:
Այնուամենայնիվ, Միզինցևի խոսքով, չնայած պաշտոնական Կիևի կողմից ստեղծված բոլոր դժվարություններին, անցած օրվա ընթացքում, առանց ուկրաինական իշխանությունների մասնակցության, Ուկրաինայի վտանգավոր շրջաններից և Դոնբասի հանրապետություններից Ռուսաստանի Դաշնության տարածք է տարհանվել 26646 մարդ, այդ թվում՝ 4214 երեխա, իսկ ընդհանուր առմամբ հատուկ ռազմական գործողության սկսվելուց ի վեր՝ 3102800 մարդ, որոնցից 490385-ը երեխաներ են:
Գեներալը հավելել է, որ միջգերատեսչական համակարգող շտաբի «Թեժ գծին» մեկ օրում 21 դիմում է ստացվել, ԴԺՀ, ԼԺՀ տարածք և Զապորոժյեի, Նիկոլաևսկի, Խարկովի և Խերսոնի մարզերի՝ ռուսական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններ տարհանման խնդրանքով: Ընդհանուր առմամբ տվյալների բազայում 2759915 այդպիսի դիմում կա Ուկրաինայի 2139 բնակավայրերից և ԴԺՀ-ի՝ Կիևի իշխանությունների վերահսկողության տակ գտնվող տարածքից:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 162-րդ օրը։