Շուրջ 5 տարում հատուցում է տրամադրվել պատերազմի մոտ 5000 մասնակիցների ընտանիքների

Զոհվածների և անհետ կորածների ընտանիքներին միանվագ տրվել է 10 մլն դրամ գումար, իսկ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին` 5 մլն դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017 թվականից ի վեր հատուցումներ է տրամադրել պատերազմում զոհվածների, անհետ կորածների ընտանքիների և 1-ին կամ 2-րդ խմբի զինհաշմանդամություն ունեցողների։ Տեղեկությունը հրապարակված է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։
Ընդհանուր առմամբ նրանց թիվը շուրջ 5 տարում կազմել է 4835։
Զոհվածների և անհետ կորածների ընտանիքներին միանվագ տրվել է 10 մլն դրամ գումար, իսկ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին` 5 մլն դրամ։
Զոհվածների ընտանիքներին, որոնց թվում են` պայմանագրային, պարտադիր ժամկետային զինծառայողներ և զորահավաքային սպաներ, ամսական տրամադրվել է 200 000-300 000 դրամ։ Անհետ կորածների ընտանիքների հիմնական մասին ամսական հատուցվել է 200 000-250 000 դրամ, իսկ անհետ կորած պայմանագրային զինծառայող սպաների ընտանիքներին` 300 000 դրամ։
1-ին կամ 2-րդ խմբի զինհաշմանդամություն ունեցողներին համապատասխանաբար տրվել է 250 000-300 000 և 100 000-200 000 դրամ։