Շփումները թույլ կտան հստակեցնել LՂ-ում խաղաղապահների հետ կապված հարցերը. Պեսկով

Խաղաղապահ
ՌԴ նախագահի խոսնակը մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և Հայաստանի սերտ շփումները թույլ կտան հստակեցնել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գործողությունների հետ կապված հարցերը: Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասները ճշգրտել։
«Կան եռակողմ փաստաթղթեր, որոնք հիմնական ելակետն են։ Կարևորը ՝ կատարել բոլոր պարտավորությունները, որոնք կողմերը ստանձնել են այդ փաստաթղթերով։ Եթե հարցեր կան, ապա, անշուշտ, դրանց պետք է պատասխանել։ Սակայն միաժամանակ, սերտ շփումները, որոնք մենք ունենք հայկական կողմի հետ տարբեր մակարդակներում, մեզ թույլ կտան հստակեցնել առկա հարցերը»,- նշել է Պեսկովը։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։