Շիրակի մարզում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Խախտումների վերացման համար ՍԱՏՄ–ը ժամկետ է սահմանել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով կասեցվել է Շիրակի մարզի Հացիկ գյուղում գտնվող անհատ ձեռանարկատեր Ռուբեն Նահապետյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահասկողական միջոցառումների ընթացքում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ։
Շիրակի մարզում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մասնավորապես՝ պանրի աղաջրերի համար նախատեսված ջրավազանները մաքուր և նորոգ չեն եղել։ Բացի այդ արտադրական տարածքը չի ունեցել խոնավ մաքրման և ախտահանման հնարավորություն, տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որպեսզի բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ։
Կաթնամթերքի փոխադրումը չի իրականացվել հատուկ մասնագիտացված՝ սառեցվող կամ հավասարաջերմ թափք ունեցող փոխադրամիջոցներով:
Նշված խախտումների վերացման համար տեսչական մարմինը ժամկետ է սահմանել: