ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հասարակական և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ։ Տեղեկությունը հրապարակվել է խաղաղապահների Telegram-յան ալիքում։
Հանդիպման ընթացքում գեներալը բացատրել է խաղաղապահ զորակազմի դիրքորոշումը ընթացող իրադարձությունների վերաբերյալ, տեղեկացրել կատարված աշխատանքների մասին։ Խաղաղապահ զորախմբի հրամանատարը վստահեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը կձեռնարկի բոլոր միջոցները իրավիճակի հետագա սրումը կանխելու համար։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։