Մինսկը մտահոգված է ԼՂ-ում իրավիճակի սրմամբ. Բելառուսի ԱԳՆ

Բելառուսի ԱԳՆ
Բելառուսը Երևանին և Բաքվին զսպվածության կոչ է անում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Բելառուսը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության հերթական սրմամբ և Երևանին ու Բաքվին զսպվածության կոչ է անում։ Այս մասին ասվում է Բելառուսի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Բելառուսի Հանրապետությունն ուշադրությամբ հետևում է հայ– ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի դրական զարգացումներին և անկեղծորեն շահագրգռված է խաղաղության ու կայունության հաստատմամբ և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ հարավկովկասյան տարածաշրջանում: Այս կապակցությամբ մեզ խորը մտահոգել է Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության հերթական սրումը»,- ասվում է փաստաթղթում։
Բելառուսի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Ռուսաստանի միջնորդությամբ կողմերի կնքած պայմանավորվածությունները լիարժեք և անվերապահ կպահպանվեն։
«Մենք համոզված ենք, որ առկա բանակցային ձևաչափերի շրջանակներում հնարավոր է փոխզիջումների հասնել քաղաքական և դիվանագիտական ճանապարհով»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։