Մեկնարկել են Չինաստանի ԶՈւ-ի լայնածավալ զորավարժություններ Թայվանի շուրջ

Մանևրները պատասխան են ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայվան կատարած այցին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Թայվանի շուրջ մարտական հրաձգությամբ Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի լայնածավալ վարժանքները պաշտոնապես մեկնարկել են այսօր: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Չինաստանի լրատվամիջոցներին։
Վարժանքները, որոնք պատասխան են ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցին Թայփեյ, սկսվել են տեղական ժամանակով ժամը 12:00-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ին) կղզու շուրջ ջրատարածքում գտնվող վեց շրջաններում, զորավարժությունները կտևեն մինչեւ կիրակի ժամը 12:00-ը:

ԱՄՆ-ի վարչակազմը, որին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը զգուշացրել է, որ «կրակի հետ խաղ անողը կարող է այրվել», հավաստիացրել է Պեկինին, որ «մեկ Չինաստանի» քաղաքականությունից չի հեռացել, բայց մի կողմ է քաշվել այցին գնահատական տալուց, նշելով, որ Փելոսին ինքն է որոշումներ կայացնում:

Արդյունքում այցը Թայվանի նեղուցում լարվածության նոր փուլի համար խթան հանդիսացավ։ Բացի օգոստոսի 4-ից 7-ը զորավարժությունների մեկնարկի մասին հայտարարելուց, Պեկինը պատժամիջոցներ է սահմանել թայվանական երկու հիմնադրամների դեմ, դադարեցրել է կղզի բնական ավազի արտահանումը ու Թայվանից ցիտրուսային և ձկնամթերքի որոշ տեսակների ներմուծումը, իսկ ՉԺՀ-ի ԱԳՆ-ն հայտնել է, որ Չինաստանը մտադիր է վճռական ու կոշտ միջոցներ ձեռնարկել, ինչպես նաև հասկացրել է, որ այցի բոլոր բացասական հետևանքները, որոնց դեմ Պեկինը մի քանի ամիս զգուշացնում էր, դեռ առջևում են ու դրանց պատասխանատուները Վաշինգտոնն ու Թայփեյն են։