Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցումը կավարտվի մինչև գարուն․ Սանոսյան

Գնել Սանոսյանի խոսքով, ճանապարհի շինարարությունը սկսել են, տեխնիկան աշխատում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքները սկսվել են։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Տեխնիկաներն աշխատում են, ճանապարհը կառուցվում է։ Մինչև գարուն ճանապարհի կառուցումը կավարտվի։ Այժմ երեք մասի ենք բաժանել, ակտիվ աշխատում ենք»,- նշեց Սանոսյանը։
Նշենք, որ այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում, անդրադառնալով Արցախում սրված իրավիճակին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որպես էսկալացիայի պատրվակ Ադրբեջանը շարունակ օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ կառավարությունը Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կսկսի 2022 թվականի օգոստոսին: