Ինչ խնդիրներ է արձանագրել ՄԻՊ–ի աշխատակազմը Տավուշի գյուղերում

Կոթի
Արձանագրված խնդիրները ներկայացվել են ՀՀ կառավարությանն ու ոլորտային իրավասու մարմիններին, միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը համակարգային խնդիրներ է հայտնաբերել Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԻՊ–ի ֆեյսբուքյան էջում։
Ըստ հաղորդագրության` Ազատամուտ, Բաղանիս, Կիրանց, Ոսկեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Այգեպար, Չինարի, Այգեձոր, Արծվաբերդ, Չորաթան, Բերքաբեր, Բարեկամավան, Սարիգյուղ, Կոթի գյուղերում իրականացված մշտադիտարկման այցերի արդյունքում համակարգային խնդիրներ են արձանագրվել` անվտանգային ոլորտի, ինչպես նաև մարդու՝ պատշաճ և մատչելի եղանակով տեղեկություններ ստանալու իրավունքի, խմելու և ոռոգման ջրի, գազի մատակարարման, բնակիչների զբաղվածության ապահովման հետ կապված։
Այդ համայնքներում նաև երեխաների կրթության իրավունքի, այդ թվում՝ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում բազմամասնագիտական թիմերի սղության, նեղ մասնագիտական ծառայությունների հասանելիության, հաշմանդամության կարգավիճակի տրամադրման գործընթացի, աջակցող միջոցների տրամադրման ընթացակարգի վերաբերյալ իրազեկվածության խնդիրներ կան։
Այս ամենից բացի, ՄԻՊ աշխատակազմը առողջության պահպանման իրավունքի, այդ թվում՝ վարչական շրջաններում բուժօգնություն և սպասարկում ապահովող կենտրոնների օղակների շենքային պայմանների և նյութատեխնիկական հագեցվածության, դեղորայքի և մի շարք բժշկական ծառայությունների հասանելիության խնդիրներ է արձանագրել։
Այս տվյալները ներկայացվել են ՀՀ կառավարությանն ու ոլորտային իրավասու մարմիններին, միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին։
Ադրբեջանական ԶՈւ-ի հանցավոր գործողությունները շարունակական են. ՄԻՊ-ն այցելել է Գեղարքունիք