ԵԱԶԲ-ն «Տաշիրին» 30 մլն դոլար է հատկացնում Հայաստանում հաշվիչների արտադրության համար

Էլեկտրաէներգիայի հաշվիչներ
Էլեկտրաէներգիայի հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել էլեկտրական ցանցերի էներգաարդյունավետությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Եվրասիական զարգացման բանկը 30 մլն դոլարի վարկ է տրամադրել «Կասկադ էներգո» ՍՊԸ-ին էլեկտրաէներգիայի կոմերցիոն հաշվառման ավտոմատացված համակարգերի արտադրության համար։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը:
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) և «Տաշիր» ընկերությունների խումբը (որի մեջ մտնում է «Կասկադ Էներգո» ընկերությունը) այսօր համագործակցության համաձայնագիր կնքեցին: Համապատասխան փաստաթուղթը ստորագրեցին ԵԱԶԲ-ի վարչության նախագահի տեղակալ Դենիս Իլյինը և «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահ Նարեկ Կարապետյանը՝ ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովի ներկայությամբ:
Կողմերը պայմանավորվեցին ԵԱՏՄ տարածքում համագործակցությունը զարգացնել մի շարք ուղղություններով` ներառյալ մետաղագործությունը, հեռահաղորդակցությունը, էներգետիկան և այլն։
Միաժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց բանկի կողմից ենթակառուցվածքի արդիականացման և էլեկտրաէներգիայի հաշվառման սարքերի արտադրության ֆինանսավորման վերաբերյալ՝ ՀՀ-ում կառավարման միջազգային ստանդարտների և հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրման ծրագրի շրջանակում:
Հենց այդ պայմանավորվածության շրջանակում էլ վարկային պայմանագիր է կնքվել «Կասկադ Էներգո»-ի հետ։
ԵԱԶԲ-ի կողմից ֆինանսավորման այնպիսի կարևոր փուլի իրականացումը, ինչպիսին են հաշվառման ավտոմատացված համակարգերի ներդրումը, ինչպես կարծում են բանկում, թույլ կտա զգալիորեն նվազեցնել ցանցերում էլեկտրաէներգիայի կորուստները և բարձրացնել էներգաարդյունավետությունը: Նախագծի շնորհիվ արտադրության հզորությունը կաճի տարեկան մինչև 100 հազար հաշվիչ, կստեղծվի մինչև 300 նոր աշխատատեղ:
«Մեր ռազմավարության համաձայն՝ Հայաստանում ԵԱԶԲ-ի ուշադրության կենտրոնում են երկրի էներգետիկ համակարգի արդիականացման նախագծերը։ Խոսքը ինչպես գեներացիայի օբյեկտների, այնպես էլ ցանցային համալիրի ենթակառուցվածքների մասին է։ «Տաշիր» ընկերությունների խմբի հետ համատեղ նախագիծը կնպաստի էներգաարդյունավետության էական բարձրացմանը համապետական մակարդակով։ Մեզ համար, որպես ԵԱՏՄ տնտեսական ինտեգրման ինստիտուտի, կարևոր է, որ նախագծին մասնակցում են բաղադրիչների մատակարարներ միության այլ երկրներից»,- հայտարարեց ԵԱԶԲ-ի վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։
Ինչպես նշեց բանկի տնօրինության ներկայացուցիչ Անտոն Պոնարովսկին, վարկը հատկացվում է 5 տարով: Նրա խոսքով՝ 2015-ին Հայաստանի էլեկտրական ցանցերում էլեկտրաէներգիայի կորուստը կազմել է 15 տոկոս։ 2016 թվականից սկսվել է էլեկտրական հաշվիչների փոխարինման ծրագիրը, և այժմ կորուստների ծավալը կազմում է 7.2%: Նախատեսվում է լրացուցիչ տեղադրել ևս 500 հազար հաշվիչ։ Դրանց արտադրության արժեքը կկազմի մոտ 100 մլն դոլար, նախագծի մի մասն էլ հենց ֆինանսավորում է ԵԱԶԲ-ն։
Բաղադրիչների մի մասը մատակարարվում է ՌԴ-ից, իսկ արտադրող ընկերությունը մասնաճյուղ ունի նաև Բելառուսում։
Ընդ որում` ոչ ամբողջ 30 միլիոնն է հատկացվելու հաշվիչների արտադրությանը։ Մի մասը (9 մլն դոլար) կծախսվի տրանսֆորմատորների արտադրության և «Լիճք» ու «Արարատ-2» ենթակայանների վերանորոգման և արդիականացման համար անհրաժեշտ բաղադրիչների մատակարարման վրա:
Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որն ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում: ԵԱԶԲ-ն աջակցում է տնտեսական կապերի ամրապնդմանն ու ընդլայնմանը և մասնակից երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի համակողմանի զարգացմանը:
ԵԱԶԲ-ի կանոնադրական կապիտալը կազմում է 7 մլրդ դոլար: ԵԱԶԲ-ի պորտֆելում հիմնական մասը զբաղեցնում են տրանսպորտային ենթակառուցվածքի, թվային համակարգերի, կանաչ էներգետիկայի, գյուղատնտեսության, արդյունաբերության և մեքենաշինության ոլորտներում ինտեգրացիոն ազդեցություն ունեցող նախագծերը: Իր գործունեության ընթացքում բանկն առաջնորդվում է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներով և ESG սկզբունքներով: