ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում՝ ի թիվս այլ հարցերի, ներառված է նաև Երևանի բուսաբանական այգու տարածքում «Կյանքի պուրակի» կառուցապատման նպատակով ոռոգման ջրագիծ անցկացնելու հարցը։
Ջրագիծը նախատեսվում է կառուցել Երևանի Սարկավագի փողոցի ջրանցքից մինչև բուսաբանական այգու պարսպի հատվածը` այն միացնելով այգու այդ հատվածում գործող ոռոգման ցանցերին։
«Երևաննախագիծ» ՓԲԸ-ում կազմվել են նախագծանախահաշվային փաստաթղթերը, «ԼԱՎՈ» ՍՊԸ-ն տվել է փորձագիտական դրական եզրակացություն։
Նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայն՝ շինարարական աշխատանքների համար կպահանջվի 240 218 000 դրամ, որից 3 582 800 դրամը` տեխնիկական հսկողության համար, 1 433 200-ը` հեղինակային հսկողության։
Շինարարությունը նախատեսված է իրականացնել 200 օրվա ընթացքում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պուրակի շինարարության հարցի քննարկմանը պարզվել է, որ ոչ միայն պուրակի համար հատկացված տարածքը, այլև ամբողջ Բուսաբանական այգին ոռոգման խնդիր ունի։
«Պարզվեց, որ կա խիստ անհրաժեշտություն` ջրագիծ անցկացնելու, որովհետև պարզվեց` Բուսաբանական այգում ոռոգման խնդիր կա։ Եվ մենք որոշեցինք դա իրականացնել առաջնային կարգով»,- ասաց Փաշինյանը։
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանն ավելի վաղ հայտնել էր, որ «Կյանքի պուրակը» կզբաղեցնի 30 հեկտար տարածք, որի վրա նախատեսվում է տնկել շուրջ 14 000 ծառ:
Ինչպես արդեն հայտնել ենք, ԱԻՆ-ն այսօր հաղորդագրություն էր տարածել բուսաբանական այգում առավոտից բռնկված հրդեհի մասին։ Կառավարության նիստի ընթացքում հրդեհը դեռ մարված չէր։ Այն մարվել է ժամը 12։20-ին։