ՌԱԴԻՈ

Արցախի իրավիճակի վերաբերյալ միջազգային կառույցներն անում են դատարկ հայտարարություններ

Քաղաքագետ, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արցախյան վերջին իրադարձությունների վերաբերյալ միջազգային արձագանքներին։
Sputnik
Արցախում ստեղծված իրավիճակի առթիվ միջազգային հանրության արձագանքները ոչ միայն այսօր, այլև շուրջ երեսուն տարի նույն բնույթն են ունեցել, նույն բովանդակությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով օգոստոսի 3-ին Արցախում իրավիճակի սրման վերաբերյալ միջազգային կառույցների արձագանք մասին, ասաց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
Նրա խոսքով` դրանք դեկլարատիվ հայտարարություններ են, որոնց մեջ գեղեցիկ շարադրված խոսքերն ավարտվում են նույն կոչերով, հետևաբար այլ բան պետք չէր ակնկալել, նույն ձեռագիրն է։
Նշենք, որ Եվրամիությունն այսօր կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք բռնկվել են ադրբեջանական և հայկական ուժերի միջև Լաչինի միջանցքում և շփման գծի մյուս վայրերում, և արդեն զոհեր ու վիրավորներ կան։
Երեկ էլ ԱՄՆ-ի պետդեպարտամենտն իր հերթին հանդես էր եկել հայտարարությամբ` նշելով, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է և սերտորեն հետևում է տեղեկություններին, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ինտենսիվ մարտերին՝ հանգեցնելով մարդկային կյանքերի կորստի ու վիրավորների, հետևաբար հակամարտող կողմերին կոչ է անում անհապաղ թուլացնել լարվածությունն ու խուսափել հետագա էսկալացիայից։

«Արցախյան հիմնախնդրի կարգավորման 27-ամյա բանակցային գործընթացում նույն միջազգային հանրությունն՝ ի դեմս ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ու Եվրամիության` բազմիցս շեշտել է, որ հակամարտությունը պետք է հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով, բայց իրականում հարցը լուծվեց ռազմական միջամտությամբ, ուստի ի՞նչ պետք է սպասել նոր հայտարարություններից»,- պարզաբանեց քաղաքագետը։

Քեռյանը հիշեցրեց, որ ԱՄՆ-ում ժամանակին ընդունվել է նույնիսկ 907-րդ բանաձևը, որը վերաբերում էր Ադրբեջանին սպառազինությունների մատակարարման սահմանափակումներին։

Ըստ նրա` եթե մի պետություն շահագրգիռ է, որ հակամարտությունը լուծվի, օրինակ մարդու իրավունքների համատեքստում, ապա ազգերի ինքնորոշման իրավունքը միանշանակ տեղավորվում է նշված համատեքստում, որը նույն Արևմուտքը գեղեցիկ կերպով կիրառեց Կոսովոյի դեպքում։
«Բայց այս ողջ ընթացքում մենք Ադրբեջանի նկատմամբ չտեսանք որևէ պատժամիջոցի կիրառում, առավել ևս, որ ադրբեջանական կողմը խախտեց Մինսկի խմբի հիմնարար սկզբունքներից մեկն ու սանձազերծեց պատերազմ։ Քար լռություն, նույնիսկ ՄԱԿ-ը չքննարկեց այդ հարցը, իսկ Ե-–ն, որը ստանձնել է նոր միջնորդական առաքելություն, նույնպես չքննարկեց խնդիրը, հետևաբար առանձնակի սպասումներ միջազգային հայտարարություններից պետք չէ ունենալ»,- ասաց Քեռյանը։
Նա հռետորական հարցադրում արեց, ըստ որի` ուկրաինական հակամարտության առթիվ Արևմուտքը պատժամիջոցներ է կիրառում ՌԴ-ի դեմ` հրաժարվելով էներգետիկ գնումներից, ապա չէ՞ր կարող արդյոք նման պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ, առավել ևս, որ Բաքուն չէր թաքցնում զինվելու հանգամանքն ու պատերազմով Արցախյան հարցը լուծելու մտադրությունը։
Քեռյանի պնդմամբ` եթե միջազգային հանրությունն Ադրբեջանի նկատմամբ կիրառեր պատժամիջոցներ, ապա նավաթադոլարները չէին ծախսվի սպառազինվելու նպատակով, պատժամիջոցներ պետք է կիրառվեին նաև Թուրքիայի նկատմամբ, որն անմիջականորեն մասնակցեց պատերազմին, և Էրդողանը Բաքվում Ալիևի հետ ընդունեց հաղթական շքերթը։ Բայց իրականում Արևմուտքը աչք փակեց իր դաշնակցի գործելակերպի վրա, իսկ Եվրահանձնաժողովի նախագահն օրեր առաջ էներգետիկ ռազմավարական համաձայնագիր կնքեց Ադրբեջանի հետ։
Պուտինն ու ԱԽ անդամները քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում. Պեսկով
Քաղաքագետի գնահատմամբ` փաստերի համապատկերում Արցախում լարված իրավիճակի վերաբերյալ արվում են դատարկ հայտարարություններ։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։