ՌԱԴԻՈ

Ամենաբարձր մակարդակով մեղավորներ են կարգում. փորձագետը` Փաշինյանի հայտարարության մասին

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Արցախում խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը։
Sputnik
ՀՀ իշխանությունը բազմիցս փորձել է պատասխանատվությունն իրենից հեռու վանել և երրորդ կողմի վրա գցել։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը նույնպես այդ տրամաբանության մեջ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների մասին վարչապետի հայտարարությունն այսպես է մեկնաբանում «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը։
Նշենք` Նիկոլ Փաշինյանը կառավարության օգոստոսի 4-ի նիստում հայտարարեց, որ Հայաստանի ու Ռուսաստանի ստորագրությունները բավարար են ԼՂ-ում խաղաղապահների մանդատն ամբողջությամբ իրագործելու համար, իսկ եթե ոչ, ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ։

«Արցախում ստեղծված իրավիճակի առթիվ ռուսական խաղաղապահ զորախումբը պետք է տա որոշակի բացատրություններ, և նորմալ պետություն լինելու դեպքում Հայաստանի պետական ինստիտուտները, իրավասու գերատեսչությունները պետք է համագործակցեին ռուսաստանյան գործընկերների հետ։ Բոլոր հարցերը պետք է քննարկվեին աշխատանքային կարգով և գտնվեին որոշակի լուծումներ, սակայն այս տեսանկյունից ոչինչ չկա։ Փոխարենը ամենաբարձր մակարդակով մեղավորներ են կարգվում, ինչը նորմալ չէ»,- ասաց փորձագետը։

Մխիթարյանի խոսքով` պարզաբանման կարիք ունի այն հարցը, թե խաղաղապահների մանդատին վերաբերող երկկողմ համաձայնագրով ինչպիսի պարտավորություններ են ստանձնել Ռուսաստանն ու Հայաստանը, և ինչու է Ադրբեջանը հրաժարվել այն ստորագրել։ Փորձագետը հիշեցրեց նաև Փաշինյանի խոսքն այն մասին, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին պետք է տեղակայվեն ԵԱՀԿ խաղաղապահ ուժեր, երբ տեղի ունենա զորքերի հայելային հետքաշում ներկա բնագծերից։ Նա նշեց, որ անհրաժեշտություն կա պարզելու, թե միջազգային մանդատի ընդլայնում ասելով` Նիկոլ Փաշինյանը կոնկրետ ինչ նկատի ունի։
«Առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչ փաստաթղթի հիման վրա է ռուս խաղաղապահներին տրվել գործող մանդատը, ինչու է հայկական կողմը հանրությունից այն գաղտնի պահել։ Այդ ամենից հետո նոր հնարավոր կլինի կանխատեսել, թե հաջորդիվ ինչ են պատկերացնում»,- ասաց փորձագետը։
Մխիթարյանը լուրջ ռիսկեր է տեսնում նաև վարչապետի այն հայտարարության առթիվ, ըստ որի` Արցախում այլևս ՀՀ զինծառայողներ չկան։ Նա շեշտեց, որ ադրբեջանական կողմը հղում է անում նոյեմբերի 9-ի հայտարարությանը, թե իբր այդ փաստաթղթով ՀՀ-ն պարտավորություն է ստանձնել իր զորքերը դուրս բերելու Արցախից, այնինչ, Մխիթարյանի պնդմամբ` նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նման բացահայտ ձևակերպում չկա։ Խոսքն այն մասին է, որ ռուս խաղաղապահների տեղակայմանը զուգահեռ հայկական ուժերը դուրս էին բերվելու, ինչը հուշում է, որ դա վերաբերում էր հանձնվելիք տարածքներին, մինչդեռ այսօր Հայաստանի իշխանությունը, ըստ փորձագետի, այդ կետն ընկալում է ադրբեջանական մեկնաբանությամբ։
Խաղաղապահները գործադրում են բոլոր ջանքերը տեղում իրավիճակը կայունացնելու համար. ՌԴ ԱԳՆ
«ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո հայտարարեց, որ մինչև սեպտեմբեր Արցախում ՀՀ զինված ուժեր չեն լինի, իսկ դա նշանակում է, որ մենք պաշտոնապես ընդունում ենք, որ այնտեղ Հայաստանն ունեցել է զինված ուժեր, ինչն ի դեպ հավաստեց նաև վարչապետը։ Սա Ադրբեջանին տալիս է բոլոր հիմքերը պնդելու, որ Հայաստանն ագրեսոր է։ Նման մակարդակով նման հարցերը չեն բարձրաձայնվում, դա մեզ համար նոր ու լայն մարտահրավերների դաշտ է բացում»,- ասաց Մխիթարյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։