ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Որքան էլ քննադատվի 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը, դրանում ԼՂ անվտանգության կարևոր ինստիտուտներ են ամրագրված։ Այսօրվա կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եռակողմ հայտարարության մեջ նախ ԼՂ միավորի արձանագրում է տեղի ունեցել, ինչը մինչև հիմա փորձում է ժխտել Ադրբեջանը` ասելով, թե ԼՂ գոյություն չունի։ Ադրբեջանից հնչող նման հայտարարությունը եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է։ Բացի այդ, եռակողմ հայտարարությամբ արձանագրվել է, որ գոյություն ունի շփման գիծ և Լաչինի միջանցք, որն ապահովում է ԼՂ կապը Հայաստանի հետ»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` իր թվարկած երեք ինստիտուտների դեմ է Ադրբեջանի այսօրվա պայքարը։ Իսկ հայկական կողմի ակնկալիքն է, որ, ինչպես նախատեսված է եռակողմ հայտարարությամբ, ՌԴ խաղաղապահ զորախումբն Ադրբեջանին հնարավորություն չպետք է տա խարխլելու այդ ինստիտուտները։
Փաշինյանը նշեց, թե Ադրբեջանն այսօր խոսում է ԼՂ պաշտպանության բանակի մասին, թե ինչու են նրանք տեղակայված շփման գծի երկայնքով։ Վարչապետն ասում է` եթե ՌԴ խաղաղապահները, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂ պաշտպանության բանակը մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։ Նման կարիք է առաջացել, ըստ Փաշինյանի, այն բանից հետո, երբ Ադրբեջանը շարունակաբար խախտում է եռակողմ հայտարարության դրույթները։
«Պետք է պաշտոնապես արձանագրեմ` ԼՂ–ում ՀՀ զինծառայող չկա, որքան էլ Ադրբեջանը շահարկում է այդ թեման»,–հավելեց Փաշինյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։