Շրյոդերը անհանգստություն է հայտնել Պուտինին էներգետիկ ճգնաժամի վերաբերյալ. Պեսկով

ՌԴ-ն պաշտոնապես հաստատել է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման մասին լուրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ընդունել է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին, որը ՌԴ է այցելել որպես էներգետիկ ճգնաժամով մտահոգված մասնագետ և խնդրել է ՌԴ նախագահին ներկայացնել իր տեսլականն իրավիճակի վերաբերյալ։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հաստատել է Շրյոդերի ու Պուտինի հանդիպման մասին տեղեկությունը։
Մոսկվան Արևմուտքի կողմից զիջումների պատրաստակամություն չի տեսնում. Պեսկով
«Այո՛, իսկապես, Շրյոդերը վերջերս Մոսկվայում էր և դեմ առ դեմ հանդիպում է ունեցել նախագահ Պուտինի հետ: Իհարկե, նախկին կանցլերը, ինչպես Եվրոպայի, թերևս բոլոր մտածող և հասկացող մարդիկ ու մասնագետները, շատ ու շատ մտահոգված է Եվրոպայում իրական վիճակով ու էներգետիկ ճգնաժամով: Նա նաև մտահոգված է այս ոլորտում ոչ վարդագույն հեռանկարներով»,- ասել է Պեսկովը։
Ըստ Պեսկովի` ՌԴ նախագահը վերահաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ է և ցանկանում է Ուկրաինայի հետ խնդիրը լուծել դիվանագիտական ճանապարհով։ Գերմանիայի նախկին կանցլերը, նրա խոսքով, ցանկություն չի հայտնել այդ հարցում երկու երկրների միջև միջնորդ լինելու։
«Այստեղ պարզապես տեղին է ևս մեկ անգամ հիշել, որ այս պայմանները Ստամբուլում համաձայնեցվել են երկու կողմերի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցողների կողմից: Դրանից հետո ուկրաինական կողմը հրաժարվեց այս համաձայնագրից»,- ասել է Պեսկովը։
Նա հավելել է, որ այդ պայմանները քաջ հայտնի են ուկրաինական կողմին, և անկախ ամեն ինչից, դրանք պահպանվելու են։
Ավելի վաղ Stern-ը հայտնել էր, որ նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը անցյալ շաբաթ հանդիպել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։