Ռուսաստանն ու Ուկրաինան 27 անգամ գերիների փոխանակման գործողություն են իրականացրել. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում բժշկական հանձնաժողով է ստեղծվել հիվանդ ու վիրավոր ռազմագերիներին հետազոտելու համար:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման 27 գործողություն են իրականացրել։ Օտարերկրյա ռազմական կցորդների հետ ճեպազրույցում տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։
«ԿԽՄԿ-ի մասնակցությամբ նաև հաջողվել է Կիևի հետ երկխոսություն կազմակերպել ռազմագերիների ու զոհված զինծառայողների մարմինների փոխանակման հարցով։ Իրականացվել է 27 նման գործողություն», - ասել է Ֆոմինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում մշտական գործող բժշկական հանձնաժողով է ստեղծվել հիվանդներին ու վիրավոր ռազմագերիներին հետազոտելու համար: Հանձնաժողովն աշխատում է Ժնևի կոնվենցիայի հիման վրա առաջարկությունների և սկզբունքների համաձայն:
Ֆոմինը նշել է, որ ժամանակին իրականացվում է նաև ուկրաինացի զինվորականների հայրենադարձությունը: Ներկա պահին հանձնաժողովի որոշումներով 18 մարդ է Ուկրաինային փոխանցվել։
Խարկովի մոտ ուկրաինական գումարտակի հրամանատարները հրաժարվել են կատարել հրամանները. ՌԴ ՊՆ
Պաշտոնյան հիշեցրել է, որ ՄԱԿ-ի ու ԿԽՄԿ-ի հետ 2022 թվականի ապրիլ-մայիսին հաջողությամբ իրականացվել են «Ազովստալ» կոմբինատից խաղաղ բնակչության տարհանումը և ուկրաինացի զինծառայողների և ազգայնական կազմավորումների զինյալների դուրսբերումը։
««Ազովստալից» դուրս է եկել ավելի քան 3 հազար մարդ, որոնցից ավելի քան 2,4 հազարը Ուկրաինայի ԶՈւ զինծառայողներ և ազգայնական կազմավորումների մարտիկներ էին։ Գործողությունները բացառապես հումանիտար բնույթ էին կրում։ Միջազգային կազմակերպությունների աշխատակիցները հաստատել են դրանց անցկացման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խիստ պահպանումը», - ասել է Ֆոմինը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 161-րդ օրը։