Ռուսաստանն Իրանի համար արբանյակ կուղարկի ուղեծիր

Երկիր մոլորակը տիեզերքից
«Խայամը» մշակվել և պատրաստվել է «Ռոսկոսմոսի» կազմում ընդգրկված ձեռնարկություններում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. «Սոյուզ» հրթիռն օգոստոսի 9-ին «Բայկոնուր» տիեզերակայանից ուղեծիր կուղարկի Իրանի պատվերով ստեղծված «Խայամ» արբանյակը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով «Ռոսկոսմոսի» մամուլի ծառայությանը։
«2022 թվականի օգոստոսի 9-ին ծրագրված է «Սոյուզ-2.1Բ» հրթիռ–կրիչի արձակումը «Ֆրեգատ» արագացուցիչային բլոկով, որոնք պետք է ուղեծիր դուրս բերեն Երկրի հեռահար զոնդավորման «Խայամ» տիեզերական արբանյակը»,– ասված է հաղորդագրությունում։
«Խայամը» մշակվել և պատրաստվել է «Ռոսկոսմոսի» կազմում ընդգրկված ձեռնարկություններում։
Բացի իրանական արբանյակից, ուղեծրում որպես անցողիկ բեռ կուղարկվի 16 փոքր սարք, որոնք ստեղծվել են ռուսական առաջատար բուհերի, առևտրային ընկերությունների և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից։
Դրանք նախատեսված են գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների համար, այդ թվում՝ միջմայրցամաքային կապի տեխնոլոգիաների մշակման, էլեկտրամագնիսական ճառագայթման մակարդակի չափման, երկրի հեռահար զոնդավորման և էկոլոգիական իրադրության մշտադիտարկման համար: