ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում օգոստոսի 10-11-ն առաջին անգամ կանցկացվի հայ-իրանական խոհարարական «Նավասարդ» գաստրոփառատոնը։ Զբոսաշրջության հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն այսօր ասուլիսում հայտնեց, որ հյուրերին և մասնակիցներին հետաքրքիր ժամանց է սպասվում։
«Միջոցառումը մեծ նշանակություն ունի և ուղղված է նոր մրցունակ զբոսաշրջային արտադրանքի ստեղծմանը, ինչը շատ կարևոր է հատկապես հետքովիդյան շրջանում»,- ասաց Ապրեսյանը։
Նրա խոսքով` փառատոնը կխթանի նաև հայ-իրանական համագործակցությունը և կդառնա տարածաշրջանային խոշոր իրադարձություն: Ապրեսյանը նշեց, որ նպատակը զբոսաշրջության աստիճանական զարգացումն է, այդ թվում՝ մարզերում։
Փառատոնը բացվելու է օգոստոսի 10-ին, ժամը 17:00-ին։ Ժամը 19:00-ից հարուստ երաժշտական ծրագիր ու լազերային շոու է նախանշված «Քարահունջ» պատմամշակութային արգելոցի տարածքում։
Գիշերը ժամը 03:00-05:00-ը «Քարահունջի» տարածքում կկազմակերպվի աստղադիտում։ Լարային քառյակը կներկայացնի նաև հայկական դասական երաժշտություն։ Իսկ ժամը 04:00-ին, երբ երկինք կբարձրանա Հայկի համաստեղությունը (խմբ.- Օրիոն համաստեղության հայկական անվանումն է), կհնչի Կոմիտասի «Կռունկը»։
Մշակութային և երաժշտական գոտիներում կհնչեն երգեր, կցուցադրվեն արվեստի և արհեստավորների գործեր։ Մինչ փառատոնի մեկնարկը տեղի կունենա մրցույթ տարբեր անվանակարգերում, իսկ փառատոնի ավարտին մրցանակներ կհանձնեն։
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը հայտնեց, որ փառատոնի առաջին հատվածում Հայաստանի և Իրանի թիմերը կներկայացնեն իրենց ազգային ավանդական ուտեստները, որոնցից մեկը պետք է համապատասխանի տոնի թեմային։
«Հայկական կողմը կմատուցի կորկոտ, արևը խորհրդանշող կլոր գաթա և տոլմա»,- ասաց Մամուլյանը։
Հիշեցնենք, որ երկու երկրների ներկայացուցիչների միջև արիական խոհանոցի համատեղ փառատոն անցկացնելու շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2021 թվականին։ Գաղափարը հայկական կողմինն է, նպատակը երկու երկրներում հեթանոսական ժամանակներից հայտնի տոնական ուտեստներն ու ավանդույթները հանրահռչակելն է։