Հանրակրթության վիճակը շատ լուրջ է, պետությունն ավելի շատ մտածում է ռազմավարական ծրագրի շրջանակում պետական բուհերը միավորելու մասին, բայց դա ավելի շուտ կկրի մեխանիկական բնույթ, և դրանից դժվար թե որակը բարձրանա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի պետական և ոչ պետական բուհերում շուրջ 16 հազար վճարովի և անվճար տեղ թափուր է մնացել:
«Պետք է ելնել ռեալ իրականությունից, արդյոք մեր շրջանավարտների գիտելիքները բավարարո՞ւմ են ներկայացվող պահանջներին։ Փորձը ցույց է տալիս, որ ոչ»,– ասաց Ղազարյանը։
Ըստ նրա` թափուր տեղերի մեծ մասը կապված է մասնավոր բուհերի հետ, քանի որ նրանք էլ են մասնակցում կենտրոնացված քննություններին։
«Մասնավոր բուհերը ներկայացնում են վճարովի տեղերի հայտեր, իսկ նախարարությունն էլ հաստատում է նրանց պահանջը։ Շատ բուհերում կարծում են, որ իրենց մոտ կարող են ընդունելության քննություններին մասնակցել նաև նախորդ տարիների դիմորդները, սակայն փորձը ցույց է տալիս, որ նրանք, այնուամենայնիվ, չեն կարողանում հաղթահարել շեմը։ Եթե մասնավոր ուսումնական հաստատություններում կոնտինգենտ չհավաքվի, դրանք ինքնաբերաբար կփակվեն»,– պարզաբանեց Ղազարյանը։
Նրա խոսքով` հատկապես խայտառակ վիճակ է Ագրարային համալսարանում, Ղազարյանը հիշեցրեց, որ նախկինում այդտեղ մոտ 30 մասնագիտությունների գծով դիմորդներին ընդունում էին ավարտական վկայագրերով` ատեստատներով, իսկ հետո դա վերացվեց, և բոլորին հորդորեցին մասնակցել ընդունելության կենտրոնացված քննություններին։
«Նույն վիճակն է Մանկավարժական համալսարանի բնագիտական մասնագիտությունների մասով։ Նրանք չեն դիմանում նույն պահանջներին, ինչ, օրինակ, կենսաբանություն առարկան պահանջում է Բժշկական համալսարան ընդունվողներից, հետևաբար պետք է վերականգնել որոշ մասնագիտությունների պարագայում ատեստատներով ընդունելու պրակտիկան, մանավանդ որ այսօր ոչ միայն մարզերում, այլև Երևանի հանրակրթական դպրոցներում կա բնագիտական առարկաների գծով մասնագետների պակաս»,– ասաց ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը։
Նշենք, որ Հայաստանյան բուհերն այս տարի տրամադրել են 22 հազար անվճար և վճարովի տեղեր։ Ընդհանուր առմամբ միասնական քննություններին մասնակցել է 13 887 դիմորդ, սակայն այն հանձնել են 11 587-ը։ Մրցութային երկու փուլերով տարբեր բուհեր ընդունվել է ընդհանուր առմամբ 9 729 դիմորդ: