Հրապարակվել են ադրբեջանական կրակոցներից զոհված զինծառայողների անունները

Զինծառայողների սաղավարտներ
Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանական ստորաբաժանումների կրակոցների հետևանքով 2 պայմանագրային զինծառայողներ են մահացել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանական գերատեսչությունը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։
«Մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Գուրգեն Գալերիի Գաբրիելյանը և Արթուր Յուրիի Խաչատրյանը։ Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել»,– ասված է հաղորդագրությունում։
Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատարության հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։
Ժամը 18։00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը հարաբերականորեն կայուն է:
Հիշեցնենք` օգոստոսի 1-ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական ստորաբաժանումները շփման գիծը հատելու փորձեր են արել, ադրբեջանական ստորաբաժանումների ձեռնարկած սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։