ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը կոչով դիմել է Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպաններին, հակամարտության լուծմանը ներգրավված միջազգային այլ դերակատարներին, որպեսզի առավելագույն ջանքեր գործադրեն Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի իրական ապահովման համար։ Տեղեկությունը հրապարակվել է պաշտպանի ֆեյսբուքյան էջում։
Օգոստոսի 1-ին, 2-ին և այսօր Արցախի տարբեր ուղղություններով ադրբեջանական կողմը վարել է ագրեսիվ ռազմական գործողություններ՝ կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ, նռնականետեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր։
«Այս գործողությունները կոպտորեն խախտում են ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի արգելքի միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքները, ինչպես նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ադրբեջանական պետության ստանձնած պարտավորությունները։ Ադրբեջանական կողմից հանցավոր այս վարքագիծը դատապարտելի է, այն ուղղակիորեն վտանգում ու ըստ էության զրոյացնում է Արցախում ապրող մարդկանց կյանքի իրավունքի ցանկացած երաշխիք, ինչն էլ հենց խաղաղության ամենակենսական բաղադրիչն է։ Հանցավոր այս գործողություններն անմիջապես պետք է դադարեցվեն»,– ասված է ՄԻՊ–ի հայտարարությունում։
Գրիգորյանը շեշտել է` անկախ դեպքերի աշխարհագրությունից ու ներգրավված կողմերի ռազմաքաղաքական նկրտումներից, խաղաղ բնակչության կյանքի և մյուս իրավունքների նկատմամբ այս ոտնձգությունը պետք է ստանա իր ճշմարիտ գնահատականը։
Հիշեցնենք` այսօր ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։ Հայկական կողմն ունի 2 զոհ և 14 վիրավոր։