Զբոսաշրջության ոլորտում պետություն–մասնավոր սեկտոր համագործակցությունը պետք է իրականացվի բարձր մակարդակով, քանի որ կազմակերպված ներգնա զբոսաշրջությունը մեզ մոտ դեռ կայուն փուլ չի մտել։ Այս տեսակետը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը` հավելելով, որ այցելուների մեջ ճնշող մեծամասնությունը կազմում են անհատները, այլ ոչ թե խմբերը։ Նրա խոսքով` տուրօպերատորներն այդ առումով զգուշավոր են։
«Մենք պետք է ամեն ինչ անենք և նախապես պլանավորել ենք, որ հասնենք 2019 թվականի ցուցանիշին, առավել ևս, որ հիմա ակտիվ տուրիստական սեզոն է։ Անհրաժեշտ է իրականացնել համակարգային միջոցառումներ, վարել ակտիվ մարքետինգային քաղաքականություն, նպատակասլաց տեղեկություն հայտնել Հայաստանի մասին` հաշվի առնելով անվտանգային բաղադրիչը, կատարել ինստիտուցիոնալ բարեփոխումներ, բարելավել սահմանային անցման գործընթացները»,– նշեց Ապրեսյանը։
Նրա կարծիքով` Հայաստանում կազմակերպված փառատոնները, միջազգային միջոցառումները նույնպես նպաստել են Հայաստան այցելած զբոսաշրջիկների քանակի աճին։
«Ներհայաստանյան բոլոր տուրիստական ուղղություններն էլ բավականին հետաքրքիր են։ Վերջին տարիներին մասնավոր հատվածը ձեռքերը ծալած չի նստել` իրականացնելով տարաբնույթ ծրագրեր։ Ներգնա զբոսաշրջությունը բավականին դիվերսիֆիկացվել է. բոլոր տեղերն էլ, կապված այն հանգամանքից, թե ինչպիսի ծրագրով են եկել այցելուները, բավականին գրավիչ են։ Սակայն սա դեռ չի նշանակում, որ կատարելագործման ուղղությամբ անելիքներ չունենք։ Պետք է աշխատել հատկապես բարձրորակ ծառայությունների մատուցման ուղղությամբ»,– ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը։
Ապրեսյանի գնահատմամբ` ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից նույնպես կա առաջընթաց, առավել ևս, որ առաջարկվում են նոր պրոդուկտներ, մեծ թափով իրականացվում են ճանապարհաշինարարական աշխատանքներ, բայցևայնպես հանրային հանգստի գոտիներում հավելյալ ներդրումների կարիք նույնպես կա, պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ գոտիները դառնան ավելի գրավիչ։
Նշենք, որ վիճակագրական տվյալների համաձայն` ներգնա տուրիզմի առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանում գրանցվել է մոտ 250 հազար ներգնա զբոսաշրջային այցելություն, ինչը թեև 2,9 անգամ ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից, բայցևայնպես հեռու է 2019 թվականի ցուցանիշից, երբ գրանցվել էր 1 միլիոն 894 հազար ներգնա զբոսաշրջային այցելություն։