Առաջին ծովափնյա ստարտափ-ճամբարից մինչև գլոբալ վենչուրային ֆոնդ․ Ջանիբեկյանի նոր նախագիծը

Ներդրումները կենտրոնացված կլինեն արհեստական բանականության , ֆինտեխի, SaaS հարթակների, ստեղծարար տնտեսության և Blockchain տեխնոլոգիաների ոլորտներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի - Sputnik. Հեռուստատեսային պրոդյուսեր, մեդիա մենեջեր, բարերար և ձեռներեց Արթուր Ջանիբեկյանը «Սիսայդ Ստարտափ Սամմիթի» համահիմնադիրներ Հակոբ Հակոբյանի և Ավագ Սիմոնյանի հետ հիմնել են նոր միջազգային վենչուրային ընկերություն՝ Triple S Ventures-ը, հայտնում են հիմնադրամից:
Triple S-ը ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և սփյուռքում։ Ֆոնդը թիրախավորում է ստարտափներին նախասաղմնային (Pre-seed) կամ սաղմնային (Seed) փուլում։
Ներդրումները կենտրոնացված կլինեն արհեստական բանականության (AI), ֆինտեխի (Fintech), SaaS հարթակների, ստեղծարար տնտեսության(Creator economy) և Blockchain տեխնոլոգիաների ոլորտներում:
«Մեծ ՏՏ ներուժ կա ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհասփյուռ հայ երիտասարդության շրջանում։ Ցանկանում ենք բացահայտել երիտասարդ, կենսունակ ձեռներեցների և օգնել նրանց գաղափարները դարձնել իրականություն։ Մեր ներդրումն այս գործում կլինի ոչ միայն ֆինանսական միջոցներ տրամադրելը, այլև մենթորների և մասնագիտական մեծ ցանցերի հետ կապի ապահովումը», - ասել է TripleS-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը։
Triple S-ը համախմբելու է միջազգային ձեռներեցների, ներդրողների, փորձագետների և մենթորների, որոնք կբացահայտեն տաղանդավոր երիտասարդներին։ Կստեղծվի ցանց, որտեղ երիտասարդները կստանան իրավական, մարքեթինգային և ֆինանսական գիտելիքներ ու փորձառություն:
«Մենք ամեն տարի կազմակերպում ենք մասշտաբային ստարտափ միջոցառումներ, ինչպիսին հենց Seaside Startup Summit-ն է։ Տեղական վենչուրային հիմնադրամները, հրեշտակ ներդրողները, ինչպես նաև միջազգային աքսելերացիոն մի շարք ծրագրեր երկար տարիներ է ինչ օգտագործում են այս հավաքը որպես ստարտափներ բացահայտելու աղբյուր։ Այժմ ֆոնդը ստեղծում է հարթակ, որը համախմբելու է էկոհամակարգի բոլոր հաջողակ ձեռներեցներին, որոնց աշխատանքի առանցքում մարդն է ու մարդու ստեղծած արժեքը», - նշել է TripleS-ի համահիմնադիր Հակոբ Հակոբյանը։
TripleS-ի համահիմնադիր Ավագ Սիմոնյանի խոսքով` ներդրումներ են անելու թե՛ միջազգային, թե՛ հայկական ընկերություններում։ Հիմնադրամը կաջակցի այն ստարտափներին, ովքեր արժեք կավելացնեն և կնպաստեն հայկական բարձր տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը։
Triple S-ը մոտ օրերս կմեկնարկի նաև ԱՄՆ-ում՝ հարավային Կալիֆոռնիայում։ Հետագայում նախատեսվում է ընդլայնվել ԵՄ և Մեծ Բրիտանիայի շուկաներում: Վենչուրային ֆոնդը բաց է նոր առաջարկների ու համագործակցությունների համար։
Հիմնադրամի պաշտոնական կայքը https://triples.vc/en