Ադրբեջանական կողմը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ. 7 վիրավոր ունենք

Զինծառայող
Ադրբեջանական ստորաբաժանումները նռնականետներ և ԱԹՍ-ներ են կիրառել։ Վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը ծանր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի – Sputnik. Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով 7 զինծառայող է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանական գերատեսչությունը։
«Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետներ և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր»,– ասված է հաղորդագրությունում:
Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։
Հիշեցնենք` օգոստոսի 1–ին հայտնի դարձավ, որ ադրբեջանական ստորաբաժանումները շփման գիծը հատելու փորձեր են արել, ադրբեջանական ստորաբաժանումների ձեռնարկած սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։