Որքանով դրամի ամրացումը կօգնի զսպել շաքարավազի և ալյուրի գները. ԿԲ դիտարկումը

Ներկայումս, դրամով վերահաշվարկի դեպքում, ներկրվող ապրանքներն ավելի էժան են, կամ դրանց գների բարձրացումն այդքան կոշտ չէ։ Ըստ ԿԲ–ի սպասումների` դա կօգնի 1-1,2 տոկոսով զսպել գնաճը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Դոլարի նկատմամբ հայկական դրամի ամրապնդումը կարող է օգնել առաջիկա ամիսներին զսպել գնաճը 1-1,2 տոկոսով։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Հայկ Ավետիսյանը ։
Հայաստանում 12-ամսյա գնաճը հունիսին (այսինքն՝ 2021 թվականի հունիսի համեմատ) կազմել է 10,3 տոկոս ։
Դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի աճը խնդիրներ է ստեղծում արտահանողների համար։ Նրանց արտահանման հասույթը դրամով վերահաշվարկելիս նվազում է։ Բայց, մյուս կողմից, ավելի շահավետ է դառնում ներմուծումը, որովհետև դրամով նույն գումարով կարելի է ավելի շատ դոլար գնել ։ Իսկ դա նշանակում է, որ ներկրվող ապրանքներն ավելի հեշտ է գնել (Հայաստանը ներկրում է ցորենի իր պահանջմունքների շուրջ 2/3-ը, գրեթե ողջ շաքարն ու արևածաղկի ձեթը, կարագի մեծ մասը, հավի մսի երկու երրորդը)։
Վերլուծելու համար, թե դրամի ամրապնդումը որքանով է հեշտացրել այդ ապրանքների գնումը, ԿԲ-ն համադրել է ալյուրի, սերուցքային կարագի և արևածաղկի ձեթի, շաքարավազի ու բենզինի միջազգային և ներքին գների դինամիկան վերջին 12 ամիսների ընթացքում: Գրեթե բոլոր դեպքերում պարզվել է, որ ներսում գների աճն ավելի մեղմ է, քան համաշխարհային աճը։ Իսկ աշխարհում պարենամթերքի գները շարունակում են բարձր մնալ (ըստ FAO-ի ինդեքսի՝ հացահատիկի գները 27,6 տոկոսով ավելի բարձր են, քան 2021-ի հունիսին) ։
Օրինակ` 2022թ.-ի մայիսին ցորենի և ալյուրի միջազգային գներն աճել են 5,5 տոկոսով, Հայաստանում՝ ընդամենը 1,1 տոկոսով, շաքարավազի միջազգային գները նվազել են 0,3 տոկոսով, իսկ ներքին գինը` 3.0 տոկոսով ։
ԿԲ դիտարկումների համաձայն` ներքին գները հիմնականում խլացվում էին հենց փոխարժեքի տատանումների, այլ ոչ թե մրցակցության սրման և ներկրողների մոտ շահութաբերության նվազման հաշվին:
ԿԲ-ն ևս մեկ վերլուծություն է կատարել՝ համեմատելով, թե ինչպես են փոխվել այդ ապրանքների գները և թե ինչպես կփոխվեին, եթե դրամը չուժեղանար (տրվում է գների աճը մեկ ամսվա կտրվածքով) ։
Այսպես, 2022 թվականի մայիսին ալյուրի գներն աճել են 1,1 տոկոսով, իսկ տեսականորեն կաճեին 2,9 տոկոսով ։ Կարագի և արևածաղկի ձեթի դեպքում տարբերությունը կազմել է 3,4 տոկոս՝ 5,2 տոկոսի դիմաց, իսկ շաքարավազի գնի անկումը կազմել է 3 տոկոս՝ 1,2 տոկոսի փոխարեն (այսինքն` հիմա գներն ավելի շատ են իջել, քան կիջնեին, եթե դրամի փոխարժեքը չաճեր)։ Ընդհանուր գնաճը մեկ ամսվա ընթացքում՝ 2022 թվականի մայիսին, կազմել է 0,1%՝ հավանական 0,9%–ի դիմաց։
Ավետիսյանը հստակեցրել է, որ դրամի ամրապնդման զսպող ազդեցությունը չափվել է մարտ-ապրիլ ամիսներին՝ Հայաստանում ապրանքների և ծառայությունների կտրուկ աճող պահանջարկի պայմաններում (հաշվի առնելով ռելոկանտների ժամանումը):
ԿԲ-ում կարծում են, որ հիմա, երբ այդ աճն այլևս նման պայթուցիկ բնույթ չի կրում, ազդեցությունը կարող է մի փոքր այլ լինել, բայց այն կա և միջնաժամկետ հեռանկարում կլինի:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության սկսվելուց հետո` մարտի առաջին կեսին, դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը 480-ից բարձրացել էր 520-ի, բայց հետո աստիճանաբար իջավ մինչև ներկայիս 420-ի:
Եթե դրամը չարժևորվեր, Հայաստանը 3 ամսում 3 տոկոս գնաճ կարձանագրեր