ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ուկրաինական հացահատիկով առաջին բեռնատար նավը ժամանել է Ստամբուլ, հայտնում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
«Եգիպտացորենով բեռնված RAZONI բեռնանավը, որը երեկ դուրս էր եկել Ուկրաինայի Օդեսայի նավահանգստից, հասել է Բոսֆորի նեղուցի սևծովյան մուտքին և խարիսխ է գցելիրեն հատկացված տեղում»,-հայտնել է ռազմական գերատեսչությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ առաջին պարենային նավը՝ Սիերա Լեոնեի դրոշով «Ռազոնի»-ն, Ստամբուլ կհասնի օգոստոսի 2-ին։
Ծովային միջանցքը, որով ուղևորվել եգիպտացորենով բեռնված նավը, անցնում է Սև ծովի հյուսիսարևմտյան մասով: Մարդասիրական գործողությունը ծրագրվել է Ստամբուլի Համատեղ համակարգող կենտրոնի կազմում գործող ռուս սպաների ակտիվ մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում ռուսական ապրանքների արտահանման մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու մասին:
Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում 3 նավահանգստից, ներառյալ Օդեսան: