Տանտիրոջն ու կնոջը կապել են, ավելի քան 42 000 դոլար հափշտակել. ավազակություն Ստեփանավանում

Ոստիկաններ
Դիմակավորված անձինք դանակով սպառնացել են տանտերերին և պարզել ոսկյա իրերի ու գումարի տեղը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Երեկ Ստեփանավան քաղաքում 4 անձինք մտել են տեղի առանձնատներից մեկը և խոշոր գումար հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ըստ հաղորդագրության` օգոստոսի 1-ին՝ ժամը 05:55-ին, Ստեփանավանի բնակիչը զանգել է ոստիկանություն և հայտնել, որ դիմակավորված անձինք իր առանձնատուն են մտել և գումար, ոսկյա զարդեր գողացել։
«Դիմակավորված 4 անձինք ապօրինի մուտք են գործել Ստեփանավանի Դուրյան փողոցում գտնվող առանձնատուն, կպչուն ժապավենով կապել տանտիրոջ և նրա կնոջ ձեռքերն ու ոտքերը։ Այնուհետև դանակի գործադրմամբ սպանության սպառնալիքներ հնչեցնելով` պարզել են գումարի և ոսկյա զարդերի տեղը։ Նրանք հափշտակել են շուրջ 10 400 000 դրամ, 20 000 դոլար, ոսկյա զարդեր, բանկային քարտ, ինչպես նաև 2 բջջային հեռախոս»,–ասված է հաղորդագրությունում։
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով` ավազակության հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ: Տանտերն ու նրա կինը ճանաչվել են տուժող և հարցաքննվել։ Նախաքննությունը շարունակվում է:
«Կասկադում» դանակի սպառնալիքով թալանել են ՌԴ 3 քաղաքացու. ոստիկանության հաղորդագրությունը