Եկեք անկեղծ լինենք։ Դժվար է թաքցնել ժպիտը, երբ խոսում ես մեր տարածաշրջանում շարունակվող առճակատման մասին և հանկարծ լսում ես անհերքելի հակափաստարկը. «Ֆրանսիացիներն ու գերմանացիներն էլ են դարերով կռվել միմյանց դեմ, հարյուր հազարավոր զոհեր են տվել, բայց տեսեք, թե ինչ հաշտ ու խաղաղ են հիմա գոյակցում` հաջողությամբ հաղթահարելով անհաղթահարելի թվացող խոչընդոտները»։ Ուզում ես հարցնել՝ կներեք, բայց ինչո՞ւ եք հենց Ֆրանսիայի և Գերմանիայի օրինակը բերում։ Այդ նույն բարգավաճ Եվրոպայում հենց հիմա կտրուկ սրվել է իրավիճակը Կոսովոյում։ Այնքան է սրվել, որ Սերբիայի արտգործնախարար Նիկոլա Սելակովիչը կարծիք է հայտնել. «Կոսովոյի իշխանությունները պատրաստվում են այնպես անել, որ այնտեղ ապրող սերբերը դժոխային պայմաններում հայտնվեն»։
Թեև Հայաստանի բոլոր իշխանությունները մշտապես համառորեն պնդել են, որ Ղարաբաղի խնդիրը երբեք չի կարելի նույնականացնել Կոսովոյի հարցի հետ, երևի կհամաձայնեք, որ զուգահեռները գոնե այս պահին ակնհայտ են։ Կոսովոյի ալբանացիները 90-ականների վերջին ռազմական բախումներ հրահրեցին` հույս ունենալով, որ բոլոր սերբերը կհեռանան և հարցն ինքնըստինքյան կլուծվի։ Շատ շատերը իրոք հեռացան, բայց Կոսովոյի հյուսիսում գտնվող Միտրովիցա քաղաքում և դրա մերձակայքում ապրող մոտ 40 հազար սերբեր մնացին, և նրանց անվտանգությունն այժմ ապահովում են միայն խաղաղապահները, այդ թվում նաև հայաստանցիները՝ հունական ստորաբաժանման կազմում։
Ադրբեջանցիներն էլ դեռ 90-ականների սկզբին փորձեցին ուժով վտարել արցախցիներին, բան չստացվեց, բայց մոտ երկու տարի առաջ Բաքուն նոր պատերազմ հրահրեց, գրավեց Արցախի որոշ տարածքներ ու բնակավայրեր, սակայն բոլոր արցախցիներին քշել այդպես էլ չհաջողվեց, և հիմա նրանց անվտանգությունն ապահովում են հիմնականում խաղաղապահները։ Այսինքն` սերբերը մնացին որպես փուշ Կոսովոյի մարմնում, արցախցիները՝ Ադրբեջանի մարմնում։ Բոլորս էլ սեփական փորձով գիտենք՝ որքան ավելի մեծ անհանգստություն է պատճառում փուշը, այնքան ավելի է ահագնանում դրանից ազատվելու ձգտումը։
Կոսովոյի ալբանացիները, քաջ գիտակցելով, որ միջազգային խաղաղապահների ներկայության պայմաններում սերբերից բռնությամբ, զենքի ուժով ազատվելն այնքան էլ իրական չէ, ամեն ինչ անում են սերբերի կյանքն անտանելի դարձնելու համար և ընդամենը մի քանի օր առաջ զգուշացրել են նրանց՝ բավական է հանգիստ գնաք Սերբիա և վերադառնաք, օգոստոսից բոլորդ պիտի պարտադիր ունենաք Կոսովո մտնելու թույլտվություն, այսինքն՝ վիզա։ Սերբական համարներով ավտոմեքենաների համարանիշներն էլ սահմանին պիտի փոխեք ու դնեք նոր համարներ, որոնք շրջանառության մեջ են մեր անկախ պետությունում՝ Կոսովոյում։ Սերբերն ընդվզել են, արգելափակել են ճանապարհները, և հարցը հետաձգվել է մեկ ամսով։ Բայց ախր սեպտեմբերի մեկին նույն խնդիրը ծագելու է։
Կներեք, ո՞վ չի ուզում, որ մեր տարածաշրջանում հաստատվեն այնպիսի քաղաքակիրթ հարաբերություններ, ինչպիսին գոյություն ունեն Ֆրանսիայի և Գերմանիայի միջև։ Բայց ինչո՞ւ ենք մենք՝ հայերս, այդքան սիրում կենտրոնանալ հենց իդեալականի վրա։ Ինչո՞ւ ենք անտեսում շատ ավելի հավանական զարգացումները՝ Կոսովոյի տարբերակը։ Տեսե՛ք։ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է. «Մեզ համար սկզբունքային են Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»։ Համաձայն եմ՝ շատ գեղեցիկ ու հուսադրող է հնչում։ Մնում է հասկանալ, թե ինչպե՞ս պիտի ապահովվեն արցախցիների իրավունքներն ու անվտանգությունը։ Արմեն Գրիգորյանը բացատրում է, մեջբերեմ. «Ղարաբաղի հայության անվտանգության ապահովման համար ռուսական զորակազմի առկայությունը միջազգային երաշխիք է: Այդ երաշխիքի հետագա կատարելագործման վրա պետք է աշխատել, բայց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի դեմիլիտարիզացիան կարևոր գաղափար է»,- կարծիք է հայտնել Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Այսինքն` երկու հիմնական երաշխիք, մեկը խաղաղապահներն են, մյուսը՝ դեմիլիտարիզացիան։
Թե ինչ է իրենից ներկայացնում «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի դեմիլիտարիզացիան», հարցրեք Անվտանգության խորհրդի քարտուղարին։ Երևացող մասը սա է՝ հենց այս օրերին ավարտվում է Հայաստանից ժամանակին Արցախ մեկնած զորակոչիկների ծառայության ժամկետը, և Երևանի հավաքակայանից այլևս ոչ մի նորակոչիկ չի մեկնելու Լեռնային Ղարաբաղ, իսկ այդ նույն ժամանակ Ադրբեջանի առաջնորդը գրեթե ամեն շաբաթ խոսում է իր երկրի բանակը հզորացնելու, նոր զինատեսակներ ձեռք բերելու և ռազմական ծախսերն ավելացնելու մասին։ Ահա այսպիսի դեմիլիտարիզացիա։
Հիմա երկրորդ երաշխիքի մասին՝ խաղաղապահներ։ Էլ չեմ հիշեցնում, որ2025 թվականին նրանց մնալու ժամկետն ավարտվում է, էլ չեմ կանխատեսում, որ Բաքուն ամեն ինչ կանի, որպեսզի խաղաղապահները հեռանան։ Ենթադրենք, թե նրանք մնում են։ Մի՞թե հենց Կոսովոյի օրինակը չի հուշում, որ եթե ինչ-որ մեկն ուզում է որևէ համայնքի կյանքը դժոխք դարձնել, ազատվել «փշից», միջազգային հանրությունը մատը մատին չի խփի, որքան էլ իջեցնես նշաձողը այդ նույն միջազգային հանրության պահանջով։