ՌԴ-ն ակտիվ ներդրում ունի Երևանի և Բաքվի միջև խաղաղ պայմանագրի պատրաստման գործում

Այս կամ այն միջոցառումների անցկացման կոնկրետ ժամկետները որոշում են Երևանը և Բաքուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանը ակտիվ ներդրում ունի Ադրբեջանի և Հայաստանի խաղաղ պայմանագրի պատրաստման գործում։ Ավելին, հետխորհրդային տարածքում սահմանագծման և սահմանազատման մասով Մոսկվայի իրավասությունը կարող է էապես ամրապնդել անվտանգությունը հայ-ադրբեջանական սահմանին և ամբողջ տարածաշրջանում։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի` Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման աջակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը կողմերի հետ կանոնավոր խորհրդակցություններ է անցկացնում` շփման եզրեր գտնելու, միմյանց համար ընդունելի հիմնարար սկզբունքներ և խաղաղ պայմանագրի պարամետրեր գտնելու համար»,- ասել է Զախարովան։

Նա հիշեցրել է, որ այդ շփումները տեղի են ունեցել հուլիսի 22-ին` Բաքվում, և հուլիսի 28-ին` Երևանում։
Նրա խոսքով` հայ-ադրբեջանական սահմանի զատումը Անդրկովկասյան հարևանների միջև երկխոսության առողջացման ուղղությամբ ռուսական միջնորդական ջանքերի կարևոր ուղղությունն է: Այս գործընթացում Մոսկվայի խորհրդատվական դերը գրանցվել է 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում բարձր մակարդակի եռակողմ հայտարարությամբ:
Զախարովան ընդգծել է, որ մայիսի վերջին ստեղծվել է համապատասխան երկկողմանի հանձնաժողով և երկու երկրի սահմանին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների առաջին ճանաչողական հանդիպումը։
«Մեր կողմից մենք միշտ պատրաստ ենք ընդունել մեր հայ և ադրբեջանցի ընկերներին Ռուսաստանի տարածքում»,- ասել է Զախարովան։
Ինչ վերաբերում է հերթական հանդիպմանը, նա նշել է, որ այս կամ այն միջոցառումների անցկացման կոնկրետ ժամկետները կորոշեն Երևանը և Բաքուն։