ՌԴ ՊՆ-ն «Բանակ» ֆորումի շրջանակում միջազգային հակաֆաշիստական կոնգրես կանցկացնի. Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն. Արխիվային լուսանկար
Այսօրվա դրությամբ համաժողովին մասնակցելու ցանկություն են հայտնել շուրջ 50 օտարերկյա պաշտպանական գերատեսչություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ռուսական ռազմական գերատեսչությունը օգոստոսի կեսերին կանցկացնի միջազգային հակաֆաշիստական կոնգրես, այն տեղի կունենա «Բանակ» համաժողովի շրջանակում: Այս մասին այսօր կայացած սելեկտորային խորհրդակցության ժամանակ հայտնել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Ժամանակակից ռազմաքաղաքական իրադրության պայմաններում առանձնահատուկ արդիականություն է ձեռք բերում նեոնացիզմի դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի համախմբումը։ Այդ կապակցությամբ պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել իրականացնել առաջին միջազգային հակաֆաշիստական կոնգրեսը։ Դրան հրավիրված են 74 բարեկամ երկրների ներկայացուցիչներ»,- ասել է Շոյգուն։

Նախարարը հայտնել է, որ աշխատանքի մեջ կներգրավվեն իշխանության դաշնային մարմինները, միջազգային և ռուսական հասարակական կազմակերպությունները, կրոնական միավորումները, պատմաբանները, մշակութային գործիչները և մեդիա հանրությունը։ Նրա խոսքով՝ կոնգրեսը հարթակ է դառնալու Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆաշիզմի ջախջախման գործում ԽՍՀՄ վճռորոշ ներդրման մասին պատմական ճշմարտությունը պաշտպանելու, ինչպես նաև նացիստական գաղափարախոսության տարածմանը հակազդելու համար:
Շոյգուն հայտնել է, որ կոնգրեսն անցկացվելու է «Բանակ» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակում, որի հարթակներում, 8-րդ տարին է՝ ինչ ցուցադրվում են ռուսական սպառազինության, ինչպես նաև տեխնիկայի բարձր հնարավորությունները, ռազմական նշանակության արտադրանքի հայրենական ռազմարդյունաբերական համալիրի ձեռքբերումները։
ՌԴ ԶՈւ-ն «HIMARS»-ի 6 արձակման կայանք և ավելի քան 200 հրթիռ է ոչնչացրել Ուկրաինայում
Պաշտպանական համակարգի հետ պետական պայմանագրերի ստորագրում է նախատեսվում «Բանակ-2022» համաժողովի ընթացքում:
«Ծրագրվում է Ռուսաստանի պաշտպանական-արդյունաբերական համալիրի ձեռնարկությունների հետ 36 պետական պայմանագիր ստորագրել, որոնք գերազանցում են 522 մլրդ ռուբլին: Կանցկացվի 289 գիտագործնական միջոցառում, ինչը գրեթե 2 անգամ ավելի է, քան նախորդ տարի»,- ասել է Շոյգուն։
Նրա խոսքով` այսօրվա դրությամբ համաժողովին մասնակցելու ցանկություն է հայտնել շուրջ 50 օտարերկրյա պաշտպանական գերատեսչություն։

«Իրենց արտադրանքի նմուշները նախատեսում են ներկայացնել շուրջ 1,5 հազար ձեռնարկություններ և կազմակերպություններ, այդ թվում՝ արտասահմանյան։ Ցուցադրվելու են արհեստական ինտելեկտի, ռադիոէլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառների մշակումներ»,- նշել է ՌԴ պաշտպանության նախարարը։

Նրա խոսքով` առաջին անգամ այցելուները կկարողանան տեսնել հեռակառավարվող մոդուլները և դրանցով հագեցած սպառազինության նմուշները։
Համաժողովը անցկացվելու է մերձմոսկովյան Կուբինկայում` օգոստոսի 15-20-ը։