Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկին կաշառք առաջարկելու համար

Պարեկը չի ընդունել կաշառքի առաջարկը, ձերբակալել է տղամարդուն և տեղափոխել ոստիկանության բաժին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է պարեկին 100 ԱՄՆ դոլար կաշառք առաջարկելու դեպք:
Մասնավորապես` պարեկներ Հ. Պ.-ն և Ա. Կ.-ն ծառայության ընթացքում կանգնեցրել են Կ. Մ.-ի վարած ավտոմեքենան և պարզել, որ վերջինս ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում:
Դրանից հետո Կ. Մ.-ն իր նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու և տրանսպորտային միջոցը պահպանվող հատուկ տարածք չտեղափոխելու համար պարեկ Հ. Պ.-ին առաջարկել է 100 ԱՄՆ դոլար կաշառք:
Պարեկը չի ընդունել նշված առաջարկը, ձերբակալել է Կ. Մ.-ին և տեղափոխել ոստիկանության բաժին:
Հուլիսի 29-ին Կ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (կաշառք տալը) նախատեսված հանցանքի կատարման համար:
Նախաքննությունը շարունակվում է: