ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Հացահատիկով բեռնված նավը, որը դուրս է եկել Օդեսայի նավահանգստից, վաղը զննում կանցնի Ստամբուլում։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
Երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Սիերա Լեոնեի դրոշով «Ռազոնի» նավը Մոսկվայի ժամանակով 9։20-ին դուրս է եկել Օդեսայի նավահանգստից և Ստամբուլ կհասնի օգոստոսի 2-ին։ Նավը Ստամբուլ է ուղևորվել «Ուկրաինայի նավահանգիստներից հացահատիկի և պարենի անվտանգ տեղափոխման նախաձեռնության» շրջանակում:
«Սպասվում է, որ այսօր ցերեկը նավը կհասնի Ստամբուլ, վաղը զննում կանցնի, որին կմասնակցեն Ստամբուլի համակարգող կենտրոնում ներկայացված բոլոր կողմերը», - ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում ռուսական ապրանքների արտահանման մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու մասին:
Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում 3 նավահանգստից, ներառյալ Օդեսան: