Լավրովն ու Միրզոյանը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանը
Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարները քննարկել են նաև ՀՀ վարչապետի՝ Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ քննարկել է Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, ինչպես նաև Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման հարցերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Քննարկվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հաստատվել է դրանց համապարփակ և արդյունավետ իրականացման հանձնառությունը, մասնավորապես՝ Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական ապաշրջափակման նախագծային գործողությունների մեկնարկի առումով։ Քննարկվել են նաև հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի, Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը առնչվող հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։
Զրուցակիցներն անդրադարձել են ապրիլի 19-20-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և մայիսի 16-ին ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում ղեկավարների շփումներին։
ՀՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն` հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների վերաբերյալ: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը: