ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Հունաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, որ Կիևում սպասում են վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի այցին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք գնահատում ենք ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական աջակցությունը, որն Ուկրաինային ցուցաբերել է Հունաստանի կառավարությունը և հատկապես Հունաստանի վարչապետը։ Իհարկե, սպասում ենք, թե երբ Հունաստանի վարչապետը կայցելի մեզ»,- ասել է Կուլեբան։
Նա նշել է, որ Ուկրաինան Հունաստանից ռազմական տեխնիկա՝ հետևակի մարտական մեքենաներ է ակնկալում, որը Հունաստանը կարող է տրամադրել Գերմանիայի հետ համապատասխան համաձայնության հասնելուց հետո:
Հուլիսի վերջին ՌԴ կառավարությունը Հունաստանին ընդգրկել է ոչ բարեկամական երկրների ցանկում։ Հունաստանում ՌԴ դեսպան Անդրեյ Մասկովը հայտնել է, որ ՌԴ-ի ու Հունաստանի միջև երկկողմ հարաբերություններն ամբողջովին վերացել են, համագործակցություն և շփում հիմա չկա։