Հայտնի է` ինչ հարցեր կքննարկեն Պուտինն ու Էրդողանը Սոչիում

Դմիտրի Պեսկով. Արխիվային լուսանկար
Օգոստոսի 5-ին Սոչիում նախատեսված է Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 5-ին հանդիպում կանցկացնեն Սոչիում, որի ընթացքում կքննարկեն Սիրիայի, Ուկրաինայի իրավիճակը, ինչպես նաև հացահատիկի արտահանման հետ կապված հարցեր: Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ուրբաթ Էրդողանի աշխատանքային այցն է լինելու, Սոչիում երկու նախագահների բանակցությունները կկայանան։ Թուրքիայի նախագահի հետ բանակցությունները երկկողմ փոխգործակցության հարցերով կլինեն։ Խոսքը տնտեսության, տարածաշրջանային խնդիրների քննարկման, ինչպես նաև Սիրիայի և Ուկրաինայի հարցերի մասին է։ Լավ հնարավորություն է նաև ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման մեխանիզմի արդյունավետության թեմային անդրադառնալու, ինչպես նաև համաշխարհային հարցերի առնչությամբ կարծիքներ փոխանակելու համար»,–ասել է Պեսկովը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է Օդեսայի նավահանգստից հացահատիկի առաջին նավի դուրս գալը
Հիշեցնենք, որ Ստամբուլում հուլիսի 22-ին տեղի է ունեցել բազմակողմ համաձայնագրերի ստորագրում ռուսական ապրանքների արտահանման մատակարարման սահմանափակումները վերացնելու և ուկրաինական հացահատիկի արտահանմանն աջակցելու մասին: Գործարքը, որը ստորագրել են Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում է Սև ծովով ուկրաինական հացահատիկի, պարենամթերքի և պարարտանյութերի դուրսբերում 3 նավահանգստից, ներառյալ Օդեսան։
Հավելենք, որ հացահատիկով բեռնված առաջին նավը դուրս է եկել Օդեսայի նավահանգստից օգոստոսի 1-ին։