Հայաստանը ՄԻԵԴ միջպետական ամբողջական գանգատ է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի

ՄԻԵԴ. Արխիվային լուսանկար
Գանգատներից մեկը վերաբերում է Արցախի Խրամորթ և Փառուխ գյուղերի ուղղությամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Հայաստանն Ադրբեջանի դեմ նոր միջպետական ամբողջական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Տեղեկությունը հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը։
«Գանգատը վերաբերում է 2022 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության Խրամորթ և Փառուխ գյուղերի ուղությամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության իրավունքների խախտմանը։ Ներառված է նաև Արցախի սահմանամերձ գյուղերի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից հնչեցվող իրական սպառնալիքներին, ինչպես նաև 2021-2022 թվականների ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության նկատմամբ ուժի կիրառման դեպքերին, որոնց արդյունքում խախտվել է անձանց կյանքի իրավունքը»,– նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Հայաստանն Արցախի Փառուխ գյուղում այս տարվա փետրվար–մարտին տեղի ունեցած դեպքերի ու Արցախի գազամատակարարման անջատումների փաստերով ապրիլի 25-ին գանգատ էր ներկայացրել ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարան։