Հաղթեցին ապրելով. Ամերկոմի որբանոցում մեծացած 34 որբերի պատմությունը՝ մեկ գրքում

Անի Մանուկյան
Նախատեսվում է առաջիկայում նոր, այդ թվում՝ Ամերիկա տեղափոխած որբերի ժառանգների պատմությունների գրառումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի, Sputnik - Արմենուհի Մխոյան. 1919 թվականից Ալեքսանդրապոլում սկսում են գործել Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեի՝ Ամերկոմի որբանոցները: Ըստ արխիվային փաստաթղթերի՝ Պոլիգոն, Կազաչի պոստ և Սևերսկի թաղամասերում գործող որբանոցներում պահվում էր 20 հազար որբ: Կազաչի պոստի և Սևերսկու որբանոցներում տեղավորված էին աղջիկները, իսկ Պոլիգոններում` տղաները: Նրանցից 34-ի փաստագրական պատմություններն ամփոփված են Անի Մանուկյանի «Հաղթեցին ապրելով» գրքում, որի շնորհանդեսը տեղի է ունեցել այսօր Գյումրիում։
Անահիտ Ղուկասյան
Օվսաննա Ոսկանյան-Ավետիսյանը որբանոցում էր հայտնվել քրոջ ու կրտսեր եղբոր հետ: Տարքիով ավելի մեծ ու գեղեցկատես քրոջը որբանոցում բաժանում են ու նավով շատերի հետ տեղափոխում Ամերիկա: Եղբոր հետ կապը եղել է, ու միշտ երկուսով հիշել ու պատմել են որբանոցում անցկացրած տարիները:
«Հրաշալի հեքիաթներ գիտեր Օկանին տատը, ինչպես փաղաքշորեն ասում էին նրան թոռներն ու երեխաները, շատ լավ երգում էր, իլիկ էր մանում ու մաշիկներ կարում»,- տատիկի մոր մասին պատմում է Անահիտ Ղուկասյանը: Անահիտի մեծ տատիկի պատումը մեկն է նրանցից, որ հայտնվել է «Հաղթեցին ապրելով» գրքում:
Պոլիգոնի ամերիկյան որբանոցում մեծացած Փիրուզայի թոռնուհին՝ Անին, իր տատի պատմությունը պահպանելու համար որոշում է թղթին հանձնել ոչ միայն իրենց ընտանիքի, այլև նման ևս այլ 33 պատումներ: Գրքում զետեղված են երեսունչորս աղջիկների կյանքի պատմությունները:
1 / 3

Անի Մանուկյան

2 / 3

Անի Մանուկյան

3 / 3

«Հաղթեցին ապրելով» գիրքը

«Ես վաղուց էի մտածում որբանոցում մեծացած սաների ճակատագրի մասին գրել ու որոշեցի իմ շուրջ հավաքել որբանոցում մեծացած աղջիկների հարազատներին: Ամեն զրույցից հետո նյութը մշակվել է, հարստացվել որբերի և նրանց անձնական իրերի լուսանկարներով, Հայաստանի ազգային դիվանում պահվող փաստաթղթերով: Այդ աղջիկների պատմությունները ցույց են տալիս Ցեղասպանության դաժանությունն ու վերապրածների անկոտրում ոգին»,- Sputnik Արմենիային պատմում է Անի Մանուկյանը՝ տեղեկացնելով, որ նպատակ կա գիրքը նաև անգլերեն թարգմանելու՝ դեպքերի մասին ավելի լայն շրջանակներին տեղեկացնելու համար:
Գավառի մանկատան այգու տարածքում սրճարան կառուցելու դեպքով քրգործ է հարուցվել
Աղջիկները որբանոցներում հմտանում էին ամեն կարգի տնային գործերի մեջ, թեև կրթությունը որբանոցում առաջնային էր՝ օրվա մի մասը անցկացնում էին դպրոցում, միայն դպրոցից հետո էին նրանք արհեստ սովորում:
Որբանոցում հայտնված սաների ժառանգների վստահեցմամբ՝ գիրքը փրկօղակ է իրենց հարազատների կորցրած պատմությունների համար: Սա այն փաստագրությունն է, որը պետք պահպանվի ու փոխանցվի սերունդներին: Հեղինակը նախատեսում է առաջիկայում նոր, այդ թվում՝ Ամերիկա տեղափոխած որբերի ժառանգների պատմություններ գրի առնել: