Դանակահարություն Երևանում. հոսպիտալացված տղամարդն ի վիճակի չի եղել ցուցմունք տալ

Շտապօգնություն
59-ամյա տղամարդուն դանակահարողը հայտնաբերվել և ձերբակալվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Երեկ երեկոյան Երևանում դանակահարություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մի տղամարդ է հոսպիտալացվել, հայտնում է ոստիկանությունը։
Ոստիկանություն ահազանգել է մի քաղաքացի` ասելով, որ ժամը 22։08-ին Մոլդովական փողոցում դանակահարություն է տեղի ունեցել։ Իսկ ժամը 22։30-ին հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ «գոտկային շրջանի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 59-ամյա մի տղամարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չի եղել ցուցմունք տալու։
Պարզվել է, որ Մոլդովական փողոցի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տղամարդուն դանակահարել էր նույն փողոցի 72-ամյա բնակիչը: Վերջինս ձերբակալվել է։
Կատարվում է նախաքննություն: