ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Մոսկվան ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հնարավոր այցը Թայվան դիտարկում է որպես Պեկինի վրա լրացուցիչ ճնշում գործադրելու փորձ: Այսօրվա ճեպազրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փելոսիի հնարավոր այցը Թայվան մենք դիտարկում ենք որպես ԱՄՆ վարչակազմի հերթական սադրիչ գործողություն, որով ցանկանում է լրացուցիչ ճնշում գործադրել Պեկինի վրա»,- ասել է Զախարովան:
Նա հավելել է, որ ՌԴ-ն Թայվանի նեղուցում իրավիճակի կարգավորումը համարում է զուտ Չինաստանի ներքին գործը։
«Բնականաբար, որպես ասիական–խաղաղօվկիանոսյան պետություն Ռուսաստանը հույս ունի, որ թայվանական խնդիրը կլուծվի առանց տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը վնաս հասցնելու»,–նշել է նա:
Զախարովան ընդգծել է, որ «միայն մեկ Չինաստանի» գոյության մասին Մոսկվայի դիրքորոշումն անփոփոխ է` ՉԺՀ–ի կառավարությունը միակ օրինական իշխանությունն է, որը ներկայացնում է ամբողջ Չինաստանը, իսկ Թայվանը Չինաստանի անբաժանելի մասն է: